Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվությունից։
Այդ համատեքստում ներկայացվել են կոնկրետ նախագծեր, որոնք առաջարկվում է կյանքի կոչել վերը նշված ձեւաչափով: Նախագծերը վերաբերում են մեքենաշինության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն նաեւ մի քանի հարյուր նոր աշխատատեղեր:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծերի իրականացման մեխանիզմներին, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետ Փաշինյանը կարեւորել է տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ կառավարության քայլերը եւ պատասխանատուներին հանձնարարել շարունակել քննարկումները վերը նշված նախագծերի իրականացման մեխանիզմների շուրջ եւ ներկայացնել ամփոփ առաջարկություն:
Խորհրդակցությունն անցկացվել է կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը