Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման քաղաքականության շուրջ քննարկումները։
Ամփոփվել են կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային միջոցառումների կատարման արդյունքները, ընթացիկ ցուցանիշները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է տրամադրված տնտեսական և սոցիալական օժանդակության ծավալների մասին. այսօրվա դրությամբ օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ: Աջակցություն է ստացել շուրջ 24000 տնտեսվարող, 360000 ֆիզիկական անձ, իսկ կոմունալ վճարումների համար տրամադրված օժանդակության շահառուների քանակը գերազանցում է 1 միլիոնը:
Խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն առնչվող նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին սոցիալական թիրախային աջակցության շահառուների շրջանակի ընդլայնմանը, տնտեսական օժանդակության գործիքների կիրառմանը, գյուղացիական տնտեսությունների խթանմանը և այլ հարցեր։ Դրանց վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն։
Ամփոփելով վարչապետը նշել է, որ հակաճգնաժամային քաղաքականությունը պետք է միտված լինի աշխատանքի խրախուսմանը և ևս մեկ անգամ ընդգծել օժանդակության միջոցառումների հասցեականության կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն այս տրամաբանությամբ և ներկայացնել առաջարկներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը