Այս օրերին լավ դինամիկա ենք նկատում գների նվազման: Ցիտրուսային մրգերի մասով բարձրացման դինամիկա տեսնում ենք: Օրինակ՝ նարինջը թանկացել է, բայց մանդարինը 60 դրամով էժանացել է:Տեղական արտադրության ապրանքների գները բնականաբար նվազում են՝ կախված սեզոնային բնույթից, նույն լոլիկի, վարունգի գները նվազել են, ինչը տրամաբանական է: Ինչ վերաբերում է ալյուրին, ամսի 8-ի դրությամբ ունենք 5 դրամի նվազում՝ 290-ից դարձել է 285: Հացի գինը Երևանի խոշոր ցանցերում չի թանկացել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, խոսելով պարենի գների մասին։
Նա նշեց, որ պարենային ապրանքների քանակը բավարար է ցանցերում և մատակարարողների մոտ:
Անդրադառնալով որոշ ապրանքների գների բարձրացմանը՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ սա միանգամից չէ տեղի ունեցել։
«Այս փաստը ևս կարող է վկայել, որ գները բարձրացել են ոչ թե կորոնավիրուսի հետևանքով, այլ՝ որոշակի ժամանակ անց։ Օրինակ՝ ալյուրի գինը սկսել էր բարձրանալ մարտի 14-ից սկսած, այնուհետև այդ գինը պահպանվել է մինչև մարտի 26-ը։ Դա կարող էր պայմանավորված լիներ արտարժույթով»։
Վանաձորում հացի գնի բարձրացման վերաբերյալ էլ, Գեղամ Գևորգյանը նշեց, որ հանդիպում են ունեցել Վանաձորի հաց արտադրողների հետ.«Հացի թանկացման խնդիրը կախված է եղել մի շարք հարցերի հետ, որոնք մենք այս պահին ուսումնասիրում ենք:Մի փոքր հատված կապված է եղել ալյուրի գնի հետ, մի մասը հացի փաթեթավորման հետ, որովհետև այս օրերին առավել պաշտպանված փաթեթավորում են օգտագործել, բայց հիմնական պատճառը կապված է եղել սպառման ծավալների նվազման հետ: Մանկապարտեզների և դպրոցների փակ լինելու հետևանքով արտադրողները չեն կարողացել իրացնել հացաբուլկեղենի տեսակները: Գնի փոփոխություն տեղի է ունեցել 1-2 տեսակի մատնաքաշի հացի տեսակի դեպքում, նաև կախված է եղել նրա հետ, որ այսօր շատերը իրենց տանն են հաց պատրաստել, բայց օրինակ լավաշի գինը նվազել է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը