04 04 2020

Կառավարությունը նախատեսում է խթանել ներդրումային ծրագրերի ընդլայնումը. Փաշինյան

Կառավարությունը նախատեսում է խթանել ներդրումային ծրագրերի ընդլայնումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։

Քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից ներդրումների ներգրավման և խթանման հնարավորությունները: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի առաջարկներ՝ պետություն-մասնավոր (PPP) համագործակցության մեխանիզմի կիրառմամբ: Նա անդրադարձել է նաև ANIF-ի գործունեության ռազմավարությանը, նպատակներին և ներդրումային ծրագրերի կառավարման գործիքակազմին, առկա կարողություններին:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում քննարկվել են  պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքի ներքո ծրագրերի իրականացման ընթացակարգերին, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին, կիրառելի չափանիշներին, ռիսկերի գնահատման և կառավարման գործիքներին  առնչվող հարցեր:

«Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել ինչպես նոր ներդրումների ներգրավումը, այնպես էլ առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը և դրանով իսկ ապահովել տնտեսության զարգացումը», - ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել պետական այն ակտիվները, որտեղ կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա, նշել ոլորտները, որտեղ ներդրումների ներգրավման հեռանկարներ կան, և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ պիլոտային ծրագրի տարբերակներ՝ հնարավոր արդյունքների և ռիսկերի գնահատմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ