30 01 2020

Փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները կարող են դիմել դրամաշնորհի համար

Փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները կարող են դիմել դրամաշնորհի համար

Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող և  Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի, ինչպես նաև ծրագրի իրականացման վերաբերյալ այլ տեղեկատվության ներկայացման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը անցկացնում է տեղեկատվական միջոցառումներ գործարար համայնքի, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երևանում կայացած տեղեկատվական հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, գոհունակություն է հայտնել ծրագրի հանդեպ իրենց հետաքրքրության համար և նշել, որ ուրախ կլինի տեսնել մասնակիցներից շատերին ծրագիրն իրականացնողների թիմում։ Նաիրա Մարգարյանը հիշեցրել է, որ  Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրով նախատեսված է ստեղծել մասնագիտացված կենտրոններ, որոնք կաջակցեն ՓՄՁ-ներին և անհատ ձեռներեցներին լուծելու իրենց խնդիրները և այդպիսով կխթանեն վերջիններիս արտադրական ու արտահանման կարողությունները։

ՓՄՁ աջակցության ծրագրերի ղեկավար Կարեն Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը կազմակերպվել է հանգամանալից ներկայացնելու ծրագրի նպատակը, մրցույթին մասնակցության, հայտերի ներկայացման չափորոշիչները և ծրագրի հետ առնչվող այլ հարցեր։ Նա շեշտել է, որ մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջազգայնացման ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի առանձին բաղադրիչների, մասնակցության պահանջների, հայտերի գնահատման չափանիշների, նախատեսվող գործընթացի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։

«Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում ձեռներեցների համար համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է՝ հզորացնելու ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:

Ծրագրի մեկնարկի վերաբերյալ  տեղեկատվությունը ՓՄՁ-ներին առավել հասանելի դարձնելու համար առաջիկայում տեղեկատվական միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանի բոլոր մարզերում։

Արտահանողի զարգացման դրամաշնորհների ընդհանուր ֆոնդը կազմում է 1,800,000 ԱՄՆ դոլար։

Ծրագրին մասնակցելու հայտերի ներկայացման ժամկետը փետրվարի 5-ից մինչև մարտի 20-նն է. մանրամասները հասանելի են հետևյալ հղումով․  http://www.isc.am/hy/inner/864 ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ