Հունվարի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Փոխվարչապետի գրասենյակը:
Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում հավանական մարտահրավերները՝ շատ կարևոր է գնահատել, վերլուծել և հասկանալ այն բոլոր ռիսկերը և վտանգները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի էներգետիկ համակարգի համար, ինչպես նաև մատնանշել դրանց չեզոքացման ուղիները:
Քննարկվել են էներգետիկ ինքնաբավությանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը, էլեկտրաէներգիայի կայուն ցանցի ապահովմանը վերաբերող հարցեր:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ գերատեսչությունների կողմից ներկայացվել են իրադարձությունների զարգացման հավանական սցենարները և ամեն սցենարի համար պետության կողմից իրականացվելիք անհրաժեշտ քայլերը և գործողությունների հաջորդականությունը:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ մասնակիցները նշել են, որ այսօր Հայաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման և պետությունը լիովին կարող է ապահովել էներգետիկ համակարգի ինքնաբավ և սուվերեն գործունեությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը