08 01 2020

Հզոր Ադրբեջանի և խեղճ Հայաստանի առասպելը հօդս կցնդի․ Ավետիք Չալաբյան

Հզոր Ադրբեջանի և խեղճ Հայաստանի առասպելը հօդս կցնդի․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը գրում է․

«Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ "սենսացիոն" ոճի մեջ հայտարարեց, որ 2019 թ․ Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչին ընկնող բացարձակ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցել է ոչ միայն Վրաստանի, այլև Ադրբեջանի համանման ցուցանիշը, տառացիորեն մի քանի ժամ հետո ստիպված լինելով հերքել Ադրբեջանի մասով իր իսկ հայտարարությունը (իրականում Վրաստանի մասով էլ կախված է, թե հաշվարկը արվում է բացարձակ թե համադրելի գների հիման վրա, բայց դա սկզբունքային չի):

Ես չէի անդրադառնա այս հարցին, քանի որ վերջին հաշվով, էական չի, թե որ երկրում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն փոքր ինչ ավել կամ պակաս կոնկրետ տարում՝ սա բազմաթիվ գործոններից է կախված, որոնցից ոչ բոլորն է տվյալ երկիրը վերահսկում։ Սակայն շատ ավելի էական է, թե ինչ է տեղի ունենում մեր և Ադրբեջանի տնտեսական զարգացման հետ երկարաժամկետ հեռանկարում։ Ստորև բերված գրաֆիկը արտապատկերում է Հայաստանի և Ադրբեջանի մեկ շնչին ընկնող բացարձակ ՀՆԱ-ի դինամիկան վերջին տաս տարիների ընթացքում (1000 ԱՄՆ դոլար, Համաշխարհային բանկի տվյալներով, 2019 թ․ ԱՄՀ նախնական տվյալներն են)։ Այս թվերին նույնիսկ հպանցիկ նայելուց կարելի է տեսնել մի քանի կարևոր միտում՝

ա) Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կտրուկ աճել, և նույն կերպ էլ կտրուկ վայր է ընկել նավթի գների հետ միասին, և մեկ տասնամյակի կտրվածքով, նույնիսկ որոշ չափով նվազել է ՝ փաստացի, Ադրբեջանի տնտեսությունը մի մեծ տեղապտույտ է կատարել, և ընդհանուր առմամբ, բացարձակ արժեքով, վերադարձել է իր ելման կետին։

բ) Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընդհակառակը, փոքր բացառությամբ, համարյա ամբողջ այդ ընթացքում շարունակել է աճել, և տասնամյակի կտրվածքով, աճել է ավելի քան 50%-ով, ընդ որում դրա մոտ կեսը՝ վերջին երեք տարիների ընթացքում, երբ մենք ունեցել ենք համեմատաբար բարձր աճի տեմպեր։

գ) Եթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը գերազանցում էր Հայաստանին 66%-ով, ապա անցած տարի՝ ընդամենը 4%-ով, դա արդեն ստատիստիկ ճշգրտության հարց է, իսկ բնակչության բարեկեցության մասով Հայաստանը նույնիսկ փոքր ինչ առաջ է անցել Ադրբեջանից (հետաքրքրվողներին պատրաստ եմ առանձին բացատրել, թե ինչու)։

դ) վերջին երեք տարում (2017-19) Ադրբեջանի իրական տնտեսության համախառն աճը կազմել է ընդամենը 3%, այսինքն տարեկան միջինը՝ 1%, այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նույն երեք տարում հանրագումարում աճել է մոտ 20%-ով։

Իրականությունը այն է, որ նավթի գների անկումից և նավթի հանույթի պիկը անցնելուց հետո, Ադրբեջանի տնտեսությունը արդեն մի քանի տարի գտնվում է լճացման մեջ։ Թեև բնական գազի հանույթը և տրանզիտ տրանսպորտային հոսքերը աճել են, նավթի հանույթի ծավալների շարունակվող անկումը բերել է նրան, որ համախառն ներքին արդյունքը աճում է շատ դանդաղ տեմպերով, և Ադրբեջանի նկատմամբ խոշոր ներդրողների հետաքրքրությունը կտրուկ նվազել է։ Հայաստանում, ընդհակառակը, տնտեսական աճը վերջին երեք տարիներին արագացել է, դա անմիջական հետևանք է ներքին շուկաների ազատականացման, և մասնավոր կապիտալի շարունակվող ներհոսքի։

Եթե վերջին երեք տարվա տնտեսական զարգացման հարաբերական միտումները պահպանվեն, ապա ևս մեկ տասնամյակ հետո, Հայաստանը տնտեսական զարգացման բոլոր հիմնական ցուցանիշներով, կայուն առաջ կանցնի Ադրբեջանից։ Հակառակորդի հնարած առասպելը, որ հարուստ և հզոր Ադրբեջանի դեմ հանդիման կանգնած է աղքատ և խեղճ Հայաստանը, հօդս կցնդի։ Ադրբեջանում դա հիանալի հասկանում են, և շտապում են հիմա՝ Արցախի շուրջ արագ գործարք կնքելու։

Մենք սակայն շտապելու բան չունենք, փոխարենը պետք է հետևողական, տարեց տարի, հայի տաղանդով, աշխատասիրությամբ և հնարամտությամբ, կերտենք սեփական բարեկեցությունը և հզորությունը, և լրիվ այլ դիրքերից խոսենք նույն Ադրբեջանի հետ։ Այսքանով բոլորիդ դրական տրամադրություն եմ ցանկանում, այս կանխատեսումը իրականություն դարձնելու ամուր վճռականությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ