26 12 2019

Թվային երջանկություն․ Փաշինյանի հերթական աճպարարությունը. Անդրանիկ Թևանյան

Թվային երջանկություն․ Փաշինյանի հերթական աճպարարությունը. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի քարոզչական գործունեության գործիքներից մեկը թվերն են՝ վիճակագրությունը։

Թվերը պետք է հպարտ քաղաքացիներին համոզեն, որ «տնտեսական հեղափոխությունը» ռեկորդներ է սահմանում և պետք է համբերել, մինչև որ այդ ռեկորդը կհասնի միջին վիճակագրական «Պողոսի» սառնարան ու գրպան։

Աճպարարը շատ լավ գիտի, որ «Պողոսի» գրպան ու սառնարան ոչինչ էլ չի հասնելու, բայց քանի դեռ հնարավոր է, ֆռռացնում է նրան։ Ինքն իր երկրպագուներին լավ է ճանաչում ու դրա համար էլ «Թվային երջանկություն» է ապահովում նրանց համար։

Երեկ, օրինակ, վարչապետը ավետել էր. «2019 թվականի նոյեմբերը խփեց տարվա տնտեսական ռեկորդը. Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 10,1 տոկոս»։ Վերջում էլ ավելացրել. «Շնորհավորում եմ բոլորիս: Դուխով:))»։

Սա «Թվային երջանկություն» պարգևելու և վիճակագրական մանիպուլյացիա անելու վառ օրինակ է։ Կոնտեքստից կտրված վիճակագրությամբ մարդկանց մոլորեցնելու քայլ՝ երբ կարելի է ինչքան ուզել, այնքան խփել։

Վարչապետն ասում է, որ կա երկնիշ աճ, բայց չի բացում փակագծերը, քանզի կարևորը «երկնիշ աճ» ձևակերպումը հնչեցնելն է՝ «Կովկասցի վագր» գովազդային արշավի շրջանակներում։

Միշտ էլ կարելի է վիճակագրության մեջ այնպիսի թվային համադրություն գտնել, որ ցնցող տպավորություն թողնի։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի 10,1 տոկոս աճ, իրոք, արձանագրվել է նոյեմբերին, բայց ինչի՞ համեմատ և ինչո՞ւ։ Այս հարցերին Փաշինյան Նիկոլը, բնականաբար, չի անդրադառնում։

10,1 տոկոսն այս տարվա նոյեմբերին արձանագրվել է նախորդ տարվա նոյեմբերի համեմատ։ Իսկ նախորդ տարվա նոյեմբերին մեր տնտեսությունը գրեթե կանգնած էր, քանզի արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլում էինք գտնվում, քաղաքական տարատեսակ ցնցումներ կային։ Այդ օրերին կապիտալը կա՛մ փախչում էր Հայաստանից, կա՛մ չէր շարժվում։ Քաղաքական անորոշությունն ու Փաշինյանի կողմից ատելության քարոզն ուղղակի ազդել էր բիզնես միջավայրի վրա։ Պատահական չէր, որ 2018–ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՏԱՑ ռեկորդային երկնիշ անկում գրանցվեց՝ 10,3 տոկոս։

Պարզ է, որ ցածր կետի համեմատ միշտ էլ կարելի է հետագայում աճի «ռեկորդներ» սահմանել՝ «մոռանալով», որ այդ ցածր կետի համար մեղավորն ինքդ ես։

Ի դեպ, Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերին հղում անող վարչապետը աճի ռեկորդի մասին դուխով ստատուս գրելիս, «չի նկատել», որ այս տարվա նոյեմբերին մենք հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի 8,5–տոկոսանոց անկում ենք գրանցել, իսկ հոկտեմբերին էլ սեպտեմբերի համեմատ էինք թուլացել 4,4 տոկոսով։

Փաստորեն, մենք երկու ամիս շարունակ անկում ենք գրանցում, բայց վարչապետը ՏԱՑ ռեկորդից է խոսում, որովհետև պոպուլիստը և մանիպուլյատորը միշտ էլ կարող է տանձը համեմատել խնձորի հետ ու հետո դուխով եզրակացնել, որ մանդարինն ամենահամով բանջարեղենն է։ Ու քանի դեռ այդ «բանջարեղենն» ուտող կա, նա շարունակելու է թվային աճպարարությամբ զբաղվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ