21 12 2019

Արտասահմանյան ներդրումները վերջին տարիներին․ Politeconomy.org

Արտասահմանյան ներդրումները վերջին տարիներին․ Politeconomy.org

Տարվա ամփոփման ամենամեծ սպասելիքը հարկավ ներդրումների տվյալների հետ է կապված: Խոսքը հատկապես օտարերկրյա ներդրումների մասին է:

Իշխանավորների համար միշտ էլ արտերկրից կատարվող ներդրումներն առանձնակի հպարտության թեմա են: Դա միշտ նկատվել ու ներկայացվել է՝ որպես պահի իշխանավորի վարած տնտեսական քաղաքականության հանդեպ վստահության արդյունք: Նման մոտեցումը հնարավոր է, որ որոշակի հիմք ունի: Չնայած, որ հակասության մեջ է մեր երկրում մոտ մեկ տարի առաջ ձևավորված ընկալումների ու իրավիճակի հետ:

Արտասահմանյան ներդրումների մասին վերջին շրջանի ամենահայտնի «հրապարակում-աղյուսակը» սա է: Այն կասկածից վեր է` ինչպես կեսարի կինը: Մեր երկրում 2017թ․ առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 68 մլն դոլար: Երկրորդ եռամսյակի ծավալը համեստ էր` 29.1 մլն դոլար: Երրորդում ցուցանիշն աճում է՝ դառնալով 50.9 մլն դոլար: Իսկ վերջին եռամսյակը, սպորտային բառապաշարով ասած, ռեկորդային է` 101.8 մլն դոլար: 2017թ․ ձևական առումով տիպային է․ այն ի ցույց է դնում մեր տնտեսության ներդրումային կառուցվածքը: Կառուցվածք, որի համաձայն ներդրումների ամենափոքր հատվածը բաժին է ընկնում երկրորդ եռամսյակին, ապա աճում երրորդում, բարձրակետ արձանագրում չորրորդում, հետո մի փոքր նվազում հաջորդ տարվա առաջին եռամսյակում:

Այս տրամաբանության համաձայն 2018-ի առաջին եռամսյակը ևս բարձր ցուցանիշ արձանագրեց` 92.4 մլն դոլար: Սա, ըստ նշված տրամաբանության, որոշակի իմաստով նախորդ տարվա երկրորդ կիսամյակի իներցիայի արդյունք էր:

2018-ի գարնանային քաղաքական փոփոխությունների ընթացքում շատերն էին ենթադրում, որ ներդրումային գործընթացը նոր թափ կստանա ու նոր «բարձունքներ կարձանագրվեն»: Սպասումները չարդարացան: Խոսքը քաղաքական ու լայն հասարակական շրջանակների սպասումների մասին է: Տնտեսությամբ հետաքրքրվողները գիտեն, որ քաղաքական ցնցումային ու անկայուն իրավիճակը ամենաաննպաստն է արտերկրյա ներդրումների համար:

«Փողը կայունություն է սիրում ու կանխատեսելիություն» պնդումը դեռ երբեք չի հերքվել: 2018թ․ ներդրումներին վերաբերող ամենահայտնի «հրապարակում-աղյուսակն» արձանագրել է, որ երկրորդ եռամսյակի ներդրումների ծավալը կազմել է 8.9 մլն դոլար: Այս թիվը հետո վերանայվեց: Բնականաբար` ավելի մեծացավ: Եթե չեմ սխալվում, Կենտրոնական բանկն այն փոխեց՝ դարձնելով մոտ 14 մլն դոլար: Սակայն միևնույնն է անկումը կտրուկ էր:

2018թ․ երրորդ եռամսյակը լավատեսական տրամադրություններ ծնեց: Այդ լավատեսական սպասումների արդյունքում էլ համացանցում հայտնվեց ներդրումների ամենահայտնի «հրապարակում-աղյուսակը», որի համաձայն երրորդ եռամսյակի ցուցանիշը 75.5 մլն դոլար էր: Նորից վերակենդանացան լավատեսական տրամադրությունները: Քաղաքական շրջանակներում սկսեցին ներդրումների հնարավոր աճը կապել խորհրդարանական ընտրությունների հետ: Ընտրությունները կայացան, բայց «հրապարակում-աղյուսակը» շարունակություն չունեցավ: Որովհետև չորրորդ եռամսյակը, ֆինանսական «ավանդույթը խախտելով», ավելի փոքր թիվ արձանագրեց` 67 մլն դոլար: Փոխարենը նվազելու ավանդույթին հավատարիմ մնաց 2019թ․ առաջին եռամսյակը: Հավատարիմ մնաց ավելի փոքր ցուցանիշ արձանագրելով` 34.6 մլն դոլար:

Բայց այս ընթացքում փոփոխվեց ներդրումների մասին տեղեկատվության հրապարակման մեթոդաբանությունը: Օտարերկրյա ներդրումների մասին տվյալները սկսեցին հրապարակվել զուտ հոսքերով: Խոսքը մուտքերի ու ելքերի մասին է: Հետևաբար որոշակի ժամանակաշրջան պետք է ամփոփել հստակ պատկեր ունենալու համար:

Այն, որ ներդրումների ծավալը գոհացուցիչ չէ, կարելի էր ենթադրել: Այդ ենթադրության մասին խոսում է ոլորտի մասին իշխանությունների լռությունը: Առայժմ կարելի է բավարարվել խորհրդարանական քննարկումների ժամանակ հնչած հետևյալ պնդմամբ. «Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թ. 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 32,6 մլրդ դրամ կամ շուրջ 68 մլն դոլար։ Խոսքը մուտքերի և ելքերի տարբերության մասին է։ Դա այն գումարն է, որն ուղղակի ներդրումային հոսքերի արդյունքում մնացել է Հայաստանի տնտեսության մեջ»։ Հետևաբար՝ 2019-ի տվյալների մասին առայժմ կարելի է ենթադրություններ անել: Մինչև հրապարակվեն տարին ամփոփող պաշտոնական թվերը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ