Hetq.am-ը գրում է․ «Երբ Դուք ձեր առօրյա կարիքները հոգալու համար որոշակի ծախսեր եք պլանավորում և որոշ ժամանակ հետո հաշվում ու հասկանում, որ պլանավորածից քիչ եք ծախսել, առաջին հայացքից կարող է թվալ, թե ամեն ինչ հրաշալի է։ Չէ՞ որ գումար եք խնայել։ Գուցև հրաշալի է, գուցև դուք կրճատել եք ձեր «անպետք» ծախսերը։ Բայց հնարավոր է նաև՝ եթե Դուք այդ գումարը չխնայեիք և ծախսեիք, դրա արդյունքում ապագայում ավելի շատ գումար կարող էիք խնայել կամ վաստակել. Գրում է hetq.am-ը։Ճիշտ այդպես էլ պետական բյուջեն է։ Այն ծախսվում է ինչպես երկրի ընթացիկ կարիքները հոգալու համար, այնպես էլ՝ առաջիկայում տնտեսական աճին զարկ տալու համար։ Այս տարի այդ ծախսերը թերակատարվում են՝ պլանավորվածից քիչ է ծախսվում։ Առավել մեծ տոկոսով թերակատարվում են կապիտալ ծախսերը, որոնք, ըստ մասնագետների, տնտեսական աճի հիմքեր են ստեղծում, հետևաբար՝ դրանց թերակատարումը բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա։
Ըստ ֆինանսների նախարարության՝ Հայաստանի պետական բյուջեի տարեկան ճշտված ծրագիրի համաձայն այս տարի ծախսերը պետք է կազմեն մոտ 1 տրլն 733 մլրդ դրամ, իսկ միայն ինն ամիսներին՝ մոտ 1 տրլն 276 մլրդ դրամ։ Սակայն, փաստացի, այս ամիսներին ծախսվել է 1 տրլն 53 մլրդ դրամը։
Այդպիսով, բյուջեի ծախսերի ինն ամսվա ծրագիրը կատարվել է 82.5%-ով կամ այլ խոսքով՝ 17.5%-ով ծախսերը թերակատարվել են։ Այսինքն՝ նախատեսվածից մոտ 223 մլրդ դրամի ծախս չի կատարվել։ Հասկանալու համար, թե որ ուղղություններով են ծախսերը թերակատարվել, նախ պետք է հասկանալ ծախսերի կառուցվածքը։ Որից հետո էլ կփորձենք հասկանալ՝ ինչ ռիսկեր է պարունակում ծախսերի թերակատարումը։
Բյուջեի ծախսերը դասակարգվում են երկու խոշոր խմբերով՝ ընթացիկ ծախսեր և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ։ Ընթացիկ ծախսեր են, օրինակ, պետական հիմնարկների աշխատավարձերը, գնումները, պետական պարտքի սպասարկումը, սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները։
Իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ներքո պետք է հասկանալ հիմնականում կապիտալ ծախսերը։ Դրանք պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներ են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում (կրթություն, առողջապահություն և այլն)՝ ճանապարհներ են կառուցվում, դպրոցներ ու հիվանդանոցներ են վերանորոգվում և այլն: Դրանց մի մասն արվում է միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին:
Այս տարի թերակատարվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ կապիտալ ծախսերը։ Չնայած դրան՝ նախորդ տարվա համեմատ բյուջեի ծախսերը երկու ուղղություններով էլ աճել են։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ, այս տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերն աճել են 9.8%‑ով կամ 94.1 մլրդ դրամով։ Սակայն, եթե ծախսերը կատարվեին ծրագրվածի չափով, այս աճն ավելի մեծ կլիներ։
Ընթացիկ ծախսերը 10.1%-ով են թերակատարվել
Ընթացիկ ծախսերն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են 981.4 մլրդ դրամ։ Ծրագրվածից 110.3 մլրդ դրամով կամ 10.1%-ով քիչ ծախս է կատարվել։
Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 9%-ով կամ 80.9 մլրդ դրամով:
Ընթացիկ ծախսերի կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները։ Այս տարվա առաջին ինն ամիսներին այս գծով ծախսերը կազմել են շուրջ 332.7 մլրդ դրամ՝ թերակատարվելով 4.9%-ով։ Թերակատարումը հիմնականում նպաստների գծով է։
Երկրի պետական պարտքի տոկոսավճարները ևս էական ծավալի են։ Ինն ամիսներին 117.8 մլրդ դրամ ուղղվել է կառավարության պարտքի սպասարկմանը։ Ծախսվել է գրեթե այնքան, որքան պլանավորվել էր։ Այդ գումարներն ուղղվել են Հայաստանի թե ներքին, թե արտաքին պետական պարտքի սպասարկմանը։
Ընթացիկ ծախսերից շուրջ 116.9 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը ծրագրվածից 5.4%-ով քիչ է։
Պետական գնումների՝ ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետբյուջեից օգտագործվել է 113 մլրդ դրամ։ Ծրագիրը թերակատարվել է 27.1%-ով։
Ընթացիկ ծախսերից 76.1 մլրդ դրամն էլ սուբսիդիաներն են, որոնք թերակատարվել են 4.8%-ով։
Այս տարվա հունվար-սեպտեմբերի պետական բյուջեի միջոցներից 132 մլրդ դրամ էլ տրամադրվել է այլ ծախսերին։
Նկատենք, որ բյուջեի ծախսերի շեղումներ գրանցվել են ամեն տարի։ Այսինքն՝ փաստացի ծախսերը որոշ դեպքերում քիչ են եղել, որոշ դեպքերում էլ գերազանցել են բյուջեով նախատեսված ցուցանիշները։ Այս առումով ընթացիկ ծախսերի այս տարվա շեղումները տարօրինակ չեն։ Իսկ կապիտալ ծախսերի հարցում պատկերն այլն է։
Կապիտալ ծախսերն ավելի քան 60%-ով են թերակատարվել
Կապիտալ ծախսերի թերակատման ցուցանիշը շատ ավելի մեծ է, քան ընթացիկ ծախսերինը։ Ինչպես արդեն նշեցինք, ծախսերի այս հատվածը Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է «ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները» հատվածում՝ «ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր» տողով։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 71.7 մլրդ դրամ՝ թերակատարվելով 61.1%-ով։
Եվ,շ մասնավորապես, կապիտալ ծախսերը (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր)` 72.1 մլրդ դրամ, որի կազմում 433 մլն դրամը ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքներն են։ Այսինքն՝ խոսելով կապիտալ ծախսերի մասին հիմք ենք ընդունում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը։
Դրանք այս տարվա առաջին ինն ամիսներին պետք է կազմեին 184 մլրդ դրամ։ Փաստացի, ինչպես նշեցինք, կապիտալ ծախսերը կազմել են ընդամենը 72.1 մլրդ դրամ։ Այսինքն ՝ պլանավորվածի 39.2%-ը կամ այլ կերպ՝ կապիտալ ծախսերը թերակատարվել են 60.8%-ով։
«Կապիտալ ծախսերի ցածր կատարողականը մեծ մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով: Վերջիններիս շրջանակներում նախատեսվել է կապիտալ ծախսերի 53.3%-ը` շուրջ 98.1 մլրդ դրամ, որոնց կատարողականը կազմել է 25.3 մլրդ դրամ կամ 25.8%»,- այս մասին նշված է ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ։
Վերջին առնվազն տասը տարիների կտրվածքով կապիտալ ծախսերի այս տարվա թերակատարումը «ռեկորդային» է։ Չնայած գրեթե բոլոր տարիներին ծախսերը շեղվել են նախատեսված պլաններից, սակայն ոչ այն չափով, որքան այս տարի։ Այս տարվա համար նախատեսված կապիտալ ծախսերի ծավալը 248.8 մլրդ դրամն է։ Թեպետ տարին դեռևս չի ավարտվել, սակայն դատելով ինն ամսվա տվյալներից՝ դժվար է հավատալը, որ մինչև տարեվերջ պլանավորված ծախսերը կիրականացվեն։
Կապիտալ ծախսերի թերակատարման պատճառները չեն հստակեցվում։ Տեսակետներ կան, որ դրանք թերակատարվում են որակյալ մասնագետների բացակայության պատճառով, որոնք պետք է կազմակերպեն վարկային ծրագրերի շրջանակներում կատարվող գնումները ու մյուս գործընթացները։ Հիշեցնենք, որ կապիտալ ծախսերի ծրագրերի մի մասի աղբյուրը արտաքին վարկերն են, որոնց մասով էլ, ինչպես նշվեց վերևում, էական թերակատարում է գրանցվել։
Կան բազմաթիվ այլ տեսակետներ ևս։ Իշխանական կողմից հնչել են պարզաբանումներ, որ բյուջեով սահմանված ծրագրերն իրականացվել են, օրինակ՝ ճանապարհների վերանորոգման գծով, սակայն ծախսվել է ավելի քիչ, քան նախատեսված է եղել։ Թե որ գերատեսչություններ են թերացել կապիտալ ծախսերում և որ ծրագրերի ուղղությամբ, կներկայացնենք առաջիկայում, որոնցից էլ կարելի է եզրահանգումներ անել թերակատարման պատճառների վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը