20 11 2019

Հայաստանն ապահովել է կայուն աճ և դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ



«Ամերիկայի ձայնը» գրում է․ «Կոռուպցիայի դեմ պայքարը եւ տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովումը Հայաստանի ապագա զարգացման կարեւորագույն նախապայմաններն են։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցի համաձայն, 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ չնայած հանքաարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Ընթացող տարում Հայաստանի ՀՆԱ-ն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տվյալներով աճել է 6 տոկոսով:

Հանքաարդյունաբերության անկումն առաջացրել է նաեւ արտահանման աճի որոշակի դանդաղում: Միեւնույն ժամանակ, արտերկրից դեպի Հայաստան ներմուծումն աճել է 16 տոկոսով: Չնայած դրան, 2019-ին Հայաստանի դրամի փոխարժեքը մնացել է կայուն, իսկ սղաճը նվազել է 2.5-ից մինչեւ 1.7 տոկոս: Հատկանշական է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է այս ժամանակահատվածում նաեւ բարելավել ֆիսկալ իրավիճակը՝ նվազեցնելով հանրային պարտքի չափը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 60-ից մինչեւ 55.7 տոկոսի:

Զեկույցի համաձայն, Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ ինքնին բարձր տնտեսական աճն այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա: Հատկապես եվրոպական կողմը կարեւորում է Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումները եւ այդ ոլորտի թափանցիկության բարձրացումը:

Պետական կառավարման ոլորտի բարելավումը, կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտների խթանումը միտված են ապահովելու Հայաստանում կայուն աճ, նշված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի զեկույցում:

Կառավարման որակի բարելավումը կարող է լուրջ դրական ազդեցություն ունենալ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման վրա, որոշիչ գործոն հանդիսանալով երկրի ընդհանուր առաջընթացի համար, զեկույցի նախաբանում նշում է բանկի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորսիքը: Այս կապակցությամբ, զարգացող երկրները կարող են լրջորեն բարելավել դիրքերը կառավարման որակի բարելավման դեպքում:

Համեմատության համար, հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում 2019-ին ՀՆԱ-ն աճելու է Հայաստանից ցածր իսկ սղաճը՝ Հայաստանից բարձր տեմպերով: Զեկույցի համաձայն, Վրաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 4.5 տոկոս աճ եւ ավելի քան 4 տոկոս սղաճ, իսկ Ադրբեջանում եւ՛ ՀՆԱ-ի աճը, եւ՛ սղաճն ընթացող տարում կազմելու են 2.8 տոկոս»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ