09 10 2019

Ծախսային թերակատարման ռիսկի առաջ ենք, բայց սա բնականոն է․ Փաշինյան

Ծախսային թերակատարման ռիսկի առաջ ենք, բայց սա բնականոն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են պետական գերատեսչությունների 2020 թ. բյուջետային հայտերի քննարկումները:

Ինչպես տեղեկանում է կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետի խոսքով՝ այդ քննարկումների արդյունքը պետք է լինի այն, որ 2020 թվականի պետական բյուջեն կլինի առավել արդյունավետ ու նպատակային, և դրա արդյունքները լինեն առավել կանխատեսելի:

«Հաշվի առնելով նախորդ տարվա մեր փորձը և ընդհանրապես նախորդ տարիների այն փորձը, որը ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում՝ ընդհանուր առմամբ բյուջետային առումով պետք է արձանագրել, թե որն է մեր ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր ունենք. ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացումն է և կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը:

Խոսքը վերաբերում է նրան, որ մենք այս և նախորդ տարի մի քանի անգամ ունեցել ենք իրավիճակներ, երբ պետությունն ունի փող, բայց դժվարություն ունի այդ փողը ծախսելու արդյունավետ գործիքակազմ կիրառելու իմաստով: Այս տարի էլ մենք, ցավոք, ծախսային թերակատարման ռիսկի առաջ ենք կանգնած, բայց ուզում եմ ասել նաև, որ այս գործընթացը համարում եմ միանգամայն բնականոն:

Ինչո՞ւ, որովհետև անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բյուջետային ծախսերի՝ բոլորիս հայտնի տրամաբանությունն էականորեն փոխվել է: Առնվազն Հայաստանի քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը սկզբունքային խնդիր է համարում բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացումը, կոռուպցիայի և չարաշահումների բացառումը: Եվ այս առումով մենք տեսնում ենք, որ պետք է ունենանք ինստիտուցիոնալ լուծումներ, որ գումարները ոչ միայն ծախսվեն և դառնան բյուջեի կատարողական, այլև ծախսվեն և դառնան իրականության մեջ արտահայտված, մեր քաղաքացիների կյանքի որակը, մեր երկրի տնտեսական աճի որակը և ընդհանարապես մեր երկրի տնտեսական մակարդակը փոխող քաղաքական և տնտեսական իրողություններ»,-նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի դիտարկմամբ, այդ ինստիտուցիոնալ լուծումների առումով նախատեսվում են կոնկրետ փոփոխություններ, մասնավորապես, գնումների համակարգում:

«Եվ ես ուզում եմ հիշեցնել բոլորիս՝ շատ կարևոր է, որ պետական բյուջեի քննարկումներին զուգահեռ նախարարությունները, պետական գերատեսչությունները մինչև նոր տարին ավարտեն մրցութային գործընթացները, հունվարի 1-ի դրությամբ ստորագրենք պայմանագրերը, մասնավորապես, մրցույթների, կապիտալ ծախսերի մասով, որպեսզի հստակ ժամանակացույցով գնանք առաջ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հաջորդ սկզբունքը եռամսյակային տվյալներով ծախսային մասին անդրադառնալու հնարավորությունն է:

«Տեսնենք, թե որ ծախսերն են արդյունավետ կատարվում, որ ծախսերն այնքան էլ արդյունավետ և անհրաժեշտ տեմպով չեն կատարվում և վերաբաշխումներ անելու հնարավորություն ունենանք յուրաքանչյուր եռամսյակ: Եվ այն ոլորտներում, որտեղ ծախսերը կլինեն արդյունավետ, առաջանցիկ, գուցե այդ ոլորտների և ուղղությունների ֆինանսավորումը կփոխենք և կավելացնենք, որպեսզի, ինչպես արդեն ասացի, պետական բյուջեի միջոցների ծախսումը տնտեսական ազդեցության առումով ավելի արդյունավետ լինի», - ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Գործընթացի շրջանակում առաջինը քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարության 2020 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումների հարցը և այդ համատեքստում համապատասխան գերատեսչությունների գնահատականները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ