19 09 2019

Հերթական ներդրողը մերժել է Փաշինյանի կառավարությանը. Yerkir.am

Հերթական ներդրողը մերժել է Փաշինյանի կառավարությանը. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Կանադահայ գործարար Վան Լապոյանը՝ «VHL Developments» շինարարական ընկերության հիմնադիրը, սառեցրել է 5 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը Հայաստանում՝ Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ կառավարությունից։

««Կասկադ գարդենզ»-ի ծրագիրն այժմ գտնվում է ընթացքի մեջ: Ճարտարապետական նախագծի ամբողջական փաթեթը մշակված է: Վան Լապոյանի ծրագիրն այս պահին սառեցված է վերջինիս կողմից»,- կառավարությունից տեղեկացրին` ի պատասխան մեր հարցման, թե ի՞նչ արդյունքներ տվեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ անցյալ տարի Կանադա կատարած այցը, և արդյո՞ք այժմ իրականացվում են այն խոշորածավալ ներդրումները, որոնց մասին հայտարարվել էր այցի ավարտին: 

Փաստորեն, ստացվում է՝ Կանադայի մասով խոստացված 10,5 մլն դոլարի ներդրումային ծրագրերից ներկայումս իրականացվում է ուղիղ կեսը («Կասկադ գարդենզ» ընկերության համատեղ ներդրումային ծրագիրը կազմել է շուրջ 5,5 մլն դոլար), այն էլ` ընդամենը նախագիծն է դեռ մշակվել:

Ինչպես տեսնում ենք, շինարարության ոլորտում իրականացվելիք 5 մլն դոլարի մյուս ներդրումային ծրագիրը, որն իրականացնելու էր Վան Լապոյանը, սառեցվել է նրա կողմից: Թե ինչո՞ւ են «Նոր Հայաստանում», որի քարոզչական հաղթաթղթերից մեկը ներդրումների համար բարենպաստ միջավայրի առկայությունն է, սառեցվում ծրագրերը՝ առայժմ պարզ չէ. պատճառների մասին որոշակի հստակություն կմտցնենք առաջիկայում:

Կանադա այցի արդյունքներում նշվում էր նաև, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում կանադական «Ատլաս» դեղագործական ընկերության մասնաճյուղ և գիտահետազոտական կենտրոն բացելու մասին: Yerkir.am-ի գրավոր հարցման պատասխանում, սակայն, դրանց մասին որևէ խոսք չկար, ուստի՝ կարելի է ենթադրել, որ դրանք ևս չեն իրականացվում:

Հիշեցնենք, որ 2018 թ. հունիսի վերջին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր Կանադա (Տորոնտո) և ԱՄՆ: Այցի ավարտին հայտարարվեց, որ շուտով Հայաստանում իրականացվելու է, ընդհանուր առմամբ, 30,5 մլն դոլարի ծրագիր: Կանադայի մասով, կարծես, պարզորոշ է ամեն ինչ: Թե ի՞նչ արդյունքներ ունենք ԱՄՆ-ից, և հայտարարված 20 մլն դոլարի ո՞ր մասն է իրականում իրագործվում, կհայտնենք լրացուցիչ:

Հավելենք նաև, որ Տիգրան Ավինյանի պատվիրակության այցի համար պետբյուջեից ծախսված գումարների խնդիրը ևս լայնորեն քննարկվեց մամուլում, արձանագրվեց, որ Ավինյանի՝ ութ հոգանոց պատվիրակության այցը հարկատուների  վրա բավականին թանկ է նստել:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ