Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2019թ 1-ին կիսամյակում ունենք բյուջեի աննախադեպ պրոֆիցիտ, ինչը մեր նման երկրի համար պարզապես անընդունելի է, իսկ նման տենդենցը շարունակելու դեպքում՝ տնտեսական եւ ֆինանսական խնդիրները դառնալու են անխուսափելի:
Կառավարությունը չի կատարում նույնիսկ բյուջեով նախատեսված ծախսերը, երբ երկրում կուտակված խնդիրները ուղղակի սահման չունեն եւ զարմանալի է, որ մենք ոչ միայն լրացուցիչ փողի կարիք չունենք, դեռ մի բան էլ՝ եղած փողը չգիտենք ինչի վրա ծախսել:
Արդյունքում, կառավարության տնտեսական հեղափոխության պատասխանատուները բյուջետային գումարները նախընտրում են կենտրոնական բանկում ավանդ ներդնել՝ այն հասցնելով 300 մլրդ դրամի, ինչը երկու անգամ ավելի է նույնիսկ նախորդ տարվա ցուցանիշներից:
Կուտակված գումարների նույնիսկ կեսը կապիտալ ներդրումներում ծախսելու դեպքում կապահովվի 2-2,5% տնտեսական աճ այս տարվա համար, որն էլ իր հերթին կբերի 50-70 մլն դոլար լրացուցիչ հարկային մուտքեր։ Արդյունքում տնտեսական ազդեցությունը կլինի ավելին, քան իշխանությունները վախենում են կորցնեն Ամուլսարի ներդրումը չկատարելու դեպքում: Ամուլսարի ներդրումից ավելի շատ ազատ միջոցներ կան բյուջեում, որը չի ծախսվում բանակի, առողջապահության, կրթության, սոցիալական խնդիրների եւ անվերջ ու անվերջ խնդիրների լուծման համար:
Պատրաստ են արդյո՞ք տնտեսական բլոկի պատասխանատուները փոխհատուցել այս ամենի արդյունքում տնտեսության կրած վնասները։
Ակնհայտ է, որ կառավարությունը չի տիրապետում ինչպես արագ եւ արդյունավետ ծախսումներ իրականացնել՝ օր առաջ լուծելով հասարակության խնդիրները: Ընդ որում, սա արդեն նկատվում է ամբողջ տարվա ընթացքում եւ չկա փոփոխության որեւէ դինամիկա:
Առաջիկայում հանդես կգամ առաջարկով՝ բյուջեում հավաքագրված գումարների արագ, թիրախային եւ արդյունավետ ծախսման վերաբերյալ»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը