17 08 2019

Մեր նպատակն է, որ հարստացնեք ոչ թե մեզ, այլ երկիրը․ վարչապետը՝ գործարարներին



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում։ Կոտայքի մարզում անցկացվող համաժողովը 7-րդն է մարզային ֆորումների շարքում։

Կառավարության ղեկավարը համաժողովի շրջանակում այցելել է տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես։ Վարչապետը շրջել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մտքեր փոխանակել ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ձեռնարկությունների գործունեության, արտադրական ծավալների և զարգացման ծրագրերի շուրջ։

Այնուհետև ֆորումի մասնակիցներին են ներկայացվել Կոտայքի մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը՝ թվով 25։

Վարչապետը, ամփոփելով համաժողովի արդյունքները, նկատել է՝ ներկայացված ներդրումային ծրագրերը վկայում են այն մասին, որ ՀՀ կառավարության հռչակած 3 առաջնահերթության մասով Կոտայքի մարզում որոշակի զարգացում կա։

«Առաջինը գյուղատնտեսությունն էր։ Ես հենց դա նկատի ունեի, երբ ասում էի գյուղատնտեսության արդյունաբերականացում։ Այն, ինչ տեսանք, մասնավորապես, ելակի արտադրության նոր տեխնոլոգիայի վերաբերյալ, հենց գյուղատնտեսության արդյունաբերականացումն է։ Այսպիսի միտումներ Հայաստանում, բարեբախտաբար, կան, և այս տարի Հայաստանից ելակի արտահանումը 3 անգամ ավելացել է։ Սա շատ լուրջ ցուցանիշ է։ Ինչո՞վ է նաև կարևոր ցուցանիշ, որովհետև այս արտադրությունը եղանակային պայմաններից շատ մեծ կախվածություն չունի։ Այսինքն՝ սա արդեն արդյունաբերական գյուղատնտեսություն է, որը մեր ուղղությունն է։ Չի կարելի 21-րդ դարում ուղղակի սպասել, թե այս տարի եղանակն ինչպիսին կլինի, կարկուտ կգա՞, թե՞ չի գա և այլն։

Հաջորդ ուղղությունը զբոսաշրջությունն էր, որի հետ կապված նաև նոր մշակույթ է ներդրվում, հույս ունեմ, հաջողությամբ։ Այստեղ մենք տեսանք ապարտ հյուրանոցների 2 նախագծեր, որը նոր երևույթ է Հայաստանում, և մենք հույս ունենք, որ այն հաջողություն կունենա։

Մենք տեսանք նաև մշակող արդյունաբերության նմուշներ, որոշակի տեխնոլոգիական գործունեության նմուշներ, և սա ուրախալի է», - նշել է կառավարության ղեկավարը։

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության խնդիրը տնտեսական գործունեությունը խթանելն է։ «Այս համաժողովների ամենակարևոր դերը Հայաստանի Հանրապետության հնարավորինս շատ քաղաքացիների տնտեսական գործունեության մղելն է, քաջալերելը, խրախուսելը, կառավարության շահագրգռությունը ցույց տալը. մեր շահագրգռությունն այն չէ, որ մենք փող աշխատենք, մեր շահագրգռությունն այն է, որ դուք փող աշխատեք, և հետևաբար, մենք դա համարում ենք մեր առաքելությունը։ Իհարկե, երբ ասում ենք փող աշխատել, նկատի ունենք օրինական աշխատանքով, արդար մրցակցության և ընդհանրապես արդարության պայմաններում։ Սա թերևս ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք այսօրվա գործարարներին հղել։ Մեր նպատակն է, որ դուք փող աշխատեք, այո՛, հարստանաք և հարստացնեք, բայց ոչ թե մեզ, այլ երկիրը, պետությունը, ժողովրդին», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ