01 07 2019

2019թ. նախորդ տարվա համեմատ 1.7 մլրդ դրամ ավելի է հավաքագրվել

2019թ. նախորդ տարվա համեմատ 1.7 մլրդ դրամ ավելի է հավաքագրվել

Ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակի պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.9%:

Փաստացի հավաքագրված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1.7 մլրդ դրամով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների հավաքագրման գործընթացը:

***Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների բարեկարգման տարեկան ծրագիրը: 2019թ. շուրջ 600 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն: Կարևորելով երթևեկության ու հետիոտնի անվտանգությունը՝ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել գծանշումների ապահովման ուղղությամբ: 

***

Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 25 արձանագրություն: Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը մի շարք քրոնիկ վայրերում: 

***

Ամենօրյա ստուգայցեր են իրականացվում նաև շինհրապարակներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 26 արձանագրություն: 

***

2019թ. հունիսին Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 641 հազար 29 ուղևոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 9,6%-ով: 

***

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում նախորդ շաբաթ վերականգնվել է 353 լուսակետ:

***

Մայրաքաղաքում շարունակվում են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Նատրիումային լուսատուները կփոխարինվեն ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:

***

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 102 շուն, որից երկուսին ի պահ են վերցրել կենդանասերները: 

***

Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա՝ 237 տղա, 194 աղջիկ: 

***

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող «թեժ գծի» հեռախոսահամարներով նախարոդ շաբաթ ստացվել է շուրջ 1087 հեռախոսազանգ, որից 691-ին տրվել է լուծում, իսկ 396-ի ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ