168․am-ը գրում է․ «Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վերահրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Նախկին ցանկը, որը հրապարակվել էր ավելի վաղ, ևս ամփոփում էր առաջին եռամսյակը, բայց, ինչպես երեկ «Հետք» պարբերականին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից (ՀՀ ՊԵԿ), այն հաշվարկվել էր նոր մեթոդաբանությամբ և համադրելի չէր նախորդ ցանկերի հետ։
Անհասկանալի է, թե այդ ի՞նչ մեթոդաբանություն է փոխվել՝ առանց հարկային օրենսգրքի փոփոխությունների, որ 4 միլիարդ գումարը չի երևացել։ Լավ կլիներ, որ մեթոդաբանության փոփոխության մասին խոսելուց առաջ ՊԵԿ-ը հանրության համար հասանելի դարձներ այն, բացատրեր՝ ինչի՞ մասին է խոսքը, որովհետև չի բացառվում, որ վաղն էլ ասեն՝ փոխվել է մեթոդաբանությունը, ու նոր աճպարարության առաջ կանգնեցնեն մեզ։
Առաջին եռամսյակն ամփոփող առաջին ցանկից դուրս էր մնացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ), որը մշտապես եղել է խոշոր հարկատուների ցուցակում և հիմնականում՝ առաջին տեղում։
Այս հարցի մասին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել էր նաև ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը՝ մասնավորապես ՊԵԿ-ից ակնկալելով բացատրություն հարկային այս աճպարարության վերաբերյալ։
Նախորդ տարվա առաջին եռամսյակում 4.1 մլրդ դրամի հարկերով ԶՊՄԿ-ն դարձել էր Հանրապետության երրորդ խոշոր հարկատուն։ ՊԵԿ-ից մեկնաբանում են, որ ԶՊՄԿ-ի ցանկից դուրս մնալը ևս մեթոդաբանական փոփոխությունների հետևանք է եղել։ Ամեն դեպքում, նույնիսկ մեթոդաբանության փոփոխության պարագայում, ԶՊՄԿ-ի ցանկից դուրս մնալը չափազանց տարօրինակ է թվում։
Իրականում, սակայն, այս աճպարարությունը հետևանքն է այն աղաղակող կեղծարարության, որի մասին 168.am-ը դեռևս 2019թ. փետրվար ամսին էր բարձրաձայնել։
Խոսքը 2018թ. հարկային մուտքերի թերակատարման ու դրանք կեղծիքներով լրացնելու մասին էր։
Այսպես՝ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած, երբ սկսեց գործել Հարկային օրենսգիրքը, հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարները հարկային եկամուտներ չեն համարվում։ Փոխարենը՝ հարկային եկամուտ կարող են համարվել միայն հարկային հաշվարկով, ստուգման ակտով կամ այլ հիմքով ծագած հարկային պարտավորությունների դիմաց վճարված գումարները։ Դեկտեմբեր ամսվա մեջ ներկայացվում են նոյեմբեր ամսվա հարկային հաշվարկները, որոնց ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։
Այսինքն` դեկտեմբերի 20-ից հետո հարկային եկամուտներ ճանաչվելու համար անհրաժեշտ էր ինչ-որ հիմք կամ հարկային պարտավորություններն ավելացնող ճշտված հաշվարկ, կամ ստուգման ակտ, կամ հարկային պարտավորություն առաջացնող որևէ այլ փաստաթուղթ (դատարանի վճիռ, բողոքարկման հանձնաժողովի որոշում, և այլն):
2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով (կամ հաշվարկի ճշգրտում կամ ստուգման ակտ, և այլն) մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. առաջին երկու ամիսներին հետ վերադարձնելու պայմանով։
Միայն համեմատաբար խոշոր (100 մլն դրամից ավելի) մուտքագրումների մասով դեկտեմբեր ամսվա այդ օրերին արհեստականորեն եկամուտ է ճանաչվել շուրջ 21.0 մլրդ դրամ։ Ընդ որում, այդ գումարների մի մասը՝ 11.7 մլրդ դրամ, անմիջապես 2019թ. հունվար ամսին վերադարձվել է միասնական հաշվին։ Մյուս մասը, հավանաբար, կվերադարձվի փետրվար ամսին։ Այսպիսով. 2018 թ. տարեկան պլանի թերակատարումը կազմել է նվազագույնը 24.6 մլրդ դրամ (21,0+3,6)։
Հիշեցնենք նաև, որ 2018թ. դեկտեմբերի 25-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համար ստուգման հանձնարարագիր է տրվում, որն ավարտվում է նույն օրը՝ դեկտեմբերի 25-ին, այն դեպքում, երբ այդպիսի խոշոր հարկատուին ստուգելու համար սովորաբար ամիսներ են հարկավոր լինում։ Ստուգման ակտի տեսակը՝ ԲՍ (բյուջեի ստուգում)։ Նախորդ այդօրինակ ստուգման ամսաթիվը եղել է 05.12.2017թ.։ Այս ստուգումը կատարել է ՊԵԿ նախագահի մերձավոր բարեկամը, ընդ որում՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի ստուգումը վերջինս իրականացրել է միայնակ, ինչը հավանաբար արվել է արտահոսքից խուսափելու նպատակով, կամ էլ որևէ այլ անձ հանձն չի առել մտնել այդ աղաղակող ձեռնարկի տակ։
Մեկօրյա ռեկորդային արագությամբ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրել են 4.646.216.885 դրամի խախտումներ։ Ընդ որում, իբրև թե այնպիսի խախտում են հայտնաբերել, որից, սակայն, չի առանձնացվել արտաբյուջե մուտքագրվող 10%-ը։ Սա արվել է այն նպատակով, որ, եթե այդ
10%-ը՝ 460 000 000-ը, տանեին արտաբյուջե, որը տարվա վերջին անպայման զրոյացվում է, հունվարին այն չէր կարող վերադարձվել միասնական հաշվին։
Ակտը բյուջե է մուտքագրվում դեկտեմբերի 29-ին՝ շաբաթ օրը, որը ոչ աշխատանքային օր է, իսկ բյուջետային տարին փաստացի ավարտված էր։ Ակտի մուտքագրման ժամը ֆիքսվել է ժամը 15։45 րոպեին։ Ընդ որում, օպերատորը, այսինքն՝ տվյալներ մուտքագրողը, Դավիթ Անանյան անուն-ազգանունով ՊԵԿ աշխատակիցն է։
Սակայն սրանով ֆիլմը չի ավարտվում։ Տեսնելով, որ, այնուամենայնիվ, գումարը չի բավականացնում, և պլանը շարունակում է մնալ չկատարված, արդեն իսկ փորձված սցենարով, նույն ստուգողի ձեռամբ, նույն հիմնարկում կրկին բացում է ստուգում, ինչի իրավունքը չուներ, քանի որ մեկ տարվա ընթացքում 2 անգամ միևնույն ընկերությունը ստուգել չէին կարող։ Արդյունքում՝ կրկնությունների սիրահար այս սցենարիստը կազմել է ևս մեկ 4.646.216.885 դրամի չափով խախտման ակտ։ Փաստորեն 2 օրում, 2 անգամ «ստուգում» են, ակտ գրում՝ իբրև նախորդ ստուգման ամսաթիվ նշելով դեկտեմբերի 25-ի ստուգման ամսաթիվը։ Ակտը կրկին մուտք է արվում դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16։03 րոպեին։
Ամեն բան հիանալի կլիներ, եթե չգար հունվարի 19-ը, և գեղեցիկ մի հնարքով դեկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 27-ին կազմված այս երկու ակտերը զուտ մի գործողությամբ չչեղարկվեին համապատասխանաբար՝ հունվարի 19-ին և 21-ին՝ «օպերատորի սխալ» հիմնավորմամբ։
Արդյունքում, տարվա ամփոփմամբ ներկայացվում է, որ բյուջեն կատարվեց, ապա հունվարին այդ գումարները հետ են վերադարձվել, հատկապես խոշոր գումարները, քանի որ հունվարի 20-ին տնտեսվարողների իրական հաշվետվության վերջնաժամկետն է, և վերջիններիս գումարները պետք է ետ վերադարձնեն միասնական հաշվին, որպեսզի նրանք կարողանան մարել իրենց հարկային պարտավորությունները։
Եվ ահա ըստ էության «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ), որ այդ կեղծիքի մի օղակն էր կամ գործիքակազմերից մեկը, փաստորեն, հետ է ստանում գերավճար կատարած իր գումարները, և դրա համար էլ առաջին եռամսյակի խոշոր 1000 հարկատուների ցանկից դուրս է մնում։
Ժամանակին, երբ 168.am-ը բարձրաձայնեց այս խնդրի մասին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հղում կատարեց հարկային գաղտնիք չբացահայտելու թեզին ու լղոզեց իրենց և մասնավորապես իր իսկ կատարած կեղծիքը, այն համարեց «ստի ու ճշմարտության խառնուրդի հիման վրա հանրությանը սենսացիա մատուցելու մոլուցք», ատամները կրճտացրեց ու անցավ առաջ, իսկ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հետևողական չեղան այն բացահայտելու հարցում, և նաև դրա հետևանքով ունենք այն, ինչ ունենք։
Նախկինում ոչ թե միասնական հաշվին, այլ պետական բյուջե վճարված հարկով ՊԵԿ-ը ցույց էր տալիս, թե ովքեր են խոշոր հարկատուները, ու քանի որ անցած տարվա վերջում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» վճարել է այդ հարկը, հիմա ՊԵԿ-ում այն չեն կարողացել մտցնել այս եռամսյակի մեջ, այսինքն՝ իրենք առաջին եռամսյակում գումար չեն վճարել պետական բյուջե։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» տվել է հարկային հաշվետվություն, այսինքն՝ որ առաջացել է, ենթադրենք, այսքան հարկ, բայց այդ գումարները բյուջե չեն վճարվել, որովհետև դրանք նախկինում արդեն վճարել են, և գանձապետարան կոնկրետ գումար չի գնացել։
Բնականաբար, խոշոր հարկատուների հարկերի մեջ զգալի մասը միշտ շահութահարկն է լինում, որի վճարման վերջնաժամկետն ապրիլ ամիսն է։ Բնականաբար, հրապարակված հաշվետվությունից իմանալու ենք նաև, թե որքա՞ն է եղել շահույթը։ Այդպես եղել է նաև նախորդ տարի, այնպես որ, այն, որ շահութահարկի վճարման վերջնաժամկետն ապրիլն է, ՊԵԿ-ը չի կարող իր համար որպես պաշտպանիչ վահան գործածել։
Հետաքրքիր է՝ Ֆինանսների նախարարությունում ի՞նչ կպատասխանեն այն հարցին, թե ինչքա՞ն գումար է մուծվել պետական բյուջե, այլ ոչ փոխանցվել միասնական հաշվեհամարին, որովհետև միասնական հաշվեհամարին փոխանցված գումարը նորից կարող են հետ ուղարկել հարկատուին, իսկ պետական բյուջե մուտքագրվածը՝ ոչ։
Տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ հանրապետության երրորդ խոշոր հարկատուն ցուցակից դուրս է մնացել, ու այդ առթիվ ծառայողական քննություն չի նշանակվել, կամ ինչո՞ւ հանրապետության երրորդ խոշոր հարկատուն չի ասել այն մասին, որ ինքը դուրս է մնացել այդ ցանկից։
Մենք, իհարկե, հարցում կանենք նաև ԶՊՄԿ-ին՝ պահանջելով հրապարակել այն կտրոնը, որը կհավաստի, որ այս եռամսյակում իրենք 42 միլիարդ դրամ գումար են վճարել։
Չենք կարծում, որ այդ կտրոնը կա, որովհետև նրանք անցյալ տարի են վճարել այդ գումարը, ու հիմա ՊԵԿ-ն այս կերպ մաշեցնում է այդ գումարները։ Ըստ էության հերթական մանիպուլյացիան կայանում է հարկային հաշվետվությունների մեջ, բայց հաշվետվությունը դեռ փող չէ։ Հաշվետվությունը փոփոխման ենթակա բան է։ ՊԵԿ-ից կարող են զանգել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին», պահանջել հարկային հաշվետվություն, ապա 10 օր հետո կոմբինատը կարող է փոխել իր կողմից ներկայացված այդ հաշվետվությունը։ Օրենքը թույլ է տալիս, տնտեսվարողը իրավունք ունի իր հարկերը հաշվարկել, սակայն, երբ մենք ունենանք Ֆինանսների նախարարության կամ ԶՊՄԿ-ի պատասխանը, թե ինչքան են պետբյուջե փող վճարել, ու ինչքանն են դրանից հետ ստացել, կապացուցվի այն կեղծարարությունը, ինչի մասին 168.am-ը ժամանակին գրել էր։
ՊԵԿ-ի ասած մեթոդաբանության փոփոխությունը հենց սա է, ընդամենը այն, որ հիմա ներկայացվում է հարկային հաշվետվություն, ու հարկատուների ցանկը կազմվում է ըստ դրա, բայց մեկ անգամ էլ կրկնենք՝ հաշվետվությունը փող չէ, և այն ենթակա է փոփոխման։
Ստացվում է, որ քանի որ ԶՊՄԿ-ն դեկտեմբերին է վճարել իր այս եռամսյակի հարկերը, պետությունը դեռ իրենց փող է պարտք, դրա համար էլ 3 ամիս կոմբինատը հարկ չի վճարել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը