ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 19 ապրանքատեսակի գնի փոփոխությունները վերջին մեկ տարում։ Նա գրել է․
«Հարգելիներս, Ձեզ եմ ներկայացնում մոնիտորինգային թարմ տվյալներ՝ 19 ապրանքների մասով։ Համադրված են 2018թ հունվարի գները՝ 2019թ փետրվարի նկատմամբ։
Ինչպես տեսնում ենք, եթե նշված ապրանքային հավաքածուն օգտագործեիք միատեսակ չափաքանակներով, ապա 2018թ հունվարին 19 ապրանքներից կազմված հավաքածուն միջինացված գներով կկազմեր 20179 դրամ։
2019թ փետրվարին նույն հավաքածուն կազմում է 20211 դրամ։
Ամփոփելով պետք է նշել, որ 2018թ հունվարի համեմատ առկա է գների որոշակի բարձրացում, որը կոնկրետ նշված հավաքածուի միավոր սպառման միջինացված գների պարագայում կազմում է շուրջ 0.2 տոկոս։
Հ․Գ․ 2018թ փետրվարը չունեմ, որ 2018թ փետրվարի հետ համեմատեմ, բայց ունեմ 2019թ հունվարը։ Եթե վերլուծենք 2018թ հունվարը 2019թ հունվարի նկատմամբ, ապա հավաքածուի արժեքը 2019թ կլինի 20440, կամ հավաքածուի արժեքը թանկացած կլինի 1.3 տոկոսով՝ ի հաշիվ ռոբուստա տեսակի սուրճի շուրջ 27 տոկոս թանկացման»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը