ՀՀ կառավարությունը փետրվարի 28-ի նիստում որոշում կայացրեց 2019 թ. հուլիսի 1-ից դադարեցնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:
Դրա գործառույթները կիրականացնի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը՝ «Ծրագրերի իրականացման վարչություն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:
Հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչեւ 2019 թ. ապրիլի 15-ը կստեղծվի լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով ՀՀ արդարադատության, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին։
«Նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ»,- ասված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:
Ի դեպ, աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոնների, իսկ դրա անհնարինության դեպքում աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով վարձատրության (աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարների) պայմանները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը