04 02 2019

Արցախում 211 միլիոն դրամի տնտեսական համաներում է իրականացվել

Արցախում 211 միլիոն դրամի տնտեսական համաներում է իրականացվել

Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թվականին ներվել է ավելի քան 210 մլն 813 հազար դրամ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Անցած տարվա ընթացքում հայտարարվել էր առևտրային բանկերի կողմից սկսված մի գործընթացի մասին, որի համաձայն՝ բանկի կողմից սահմանված որոշակի պայմանների կատարման դեպքում, կզիջվեն ֆիզիկական և առանձին բանկերի պարագայում նաև իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները: Ամփոփելով 2018թ.-ին այս ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները՝ հայտնում եմ, որ Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թ.-ին ներվել է ավելի քան 210 մլն 813 հազ. դրամ (համապատասխանաբար՝ մոտ 169 մլն․ և մոտ 42 մլն․ դրամ):

Շնորհակալ ենք այս սեկտորի մեր գործընկերներին կառավարության առաջարկին ականջալուր լինելու և խոսքի առարկա տույժ-տուգանքների ներման համար։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր քաղաքացիներին բանկային և վարկային կազմակերպությունների հետ իրավահարաբերվելիս, այդ թվում՝ վարկային կամ այլ պարտավորություններ ստանձնելիս ցուցաբերել ավելի մեծ շրջահայացություն և սոցիալական ինքնապատասխանատվություն»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ