Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2019 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսված են 23 մլրդ 387.6 մլն դրամ, կամ ընթացիկ տարվա համար պլանավորված ցուցանիշից ավել 480.9 մլն դրամով, որը փաստացի բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտն է` ընդհանուր ծախսերի մոտ 21.7%-ը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 22-ին, «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկմանն ասել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ մանրամասնելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է 2019 թվականի հուլիսի 1-ից ԱՀ-ում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում պետության կողմից վճարվելիք կուտակային հատկացումների նախատեսմամբ: Այն, ըստ նախարարի, հնարավորություն է ստեղծելու հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային սոցիալական վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից բացի կուտակված լրացուցիչ եկամուտ ստանալու՝ ապահովելով կատարված կենսաթոշակային վճարների և ստացվող կենսաթոշակի չափի միջև ուղղակի կապը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը