21 11 2018

Ե՞րբ և որտե՞ղ են բացվել Նիկոլ Փաշինյանի ասած 37 հազար նոր աշխատատեղերը

Ե՞րբ և որտե՞ղ են բացվել Նիկոլ Փաշինյանի ասած 37 հազար նոր աշխատատեղերը

Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ասուլիսում սենսացիոն մի հայտարարություն արեց՝ խոսելով 37 հազար նոր աշխատատեղի ստեղծման մասին։ Այս մասին գրում է top-news.am-ը:

«Հետաքրքիր պարադոքս է ստացվում․ ինչպե՞ս է հնարավոր տնտեսական անկման պայմաններում նոր աշխատատեղերի մասին խոսել, այն էլ՝ 37 հազար։ Ո՞ւր են այդ աշխատատեղերը, այդ ի՞նչ գործարաններ ու ընկերություններ են բացվել Հայաստանում, որոնք ապահովել են երեք տասնյակ հազար աշխատատեղ ու չեն ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշների բարելավման վրա։

 

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս շեշտել է, որ ամռան ամիսներին արձանագրված տնտեսության որոշակի ակտիվությունը պայմանավորված է եղել գլխավորապես բուքմեյքերական ընկերությունների աշխատանքով։ Եվ ուրեմն, այդ ի՞նչ աշխատատեղեր են, որոնց մասին ո՛չ տեսել և ո՛չ էլ գոնե «Հայլուրով» ենք լսել։

 

Իսկ գուցե «Ֆեյսբուքում» համապատասխան անվամբ խումբ բացեք ու մե՞զ էլ իրազեկեք այդ նոր աշխատատեղերի մասին։ Թե չէ ստեղծված իրավիճակում այլ բան չենք կարող ենթադրել, քան այն, որ Վիճվարչությունն ինչ որ մանիպուլյատիվ «հնարքներ է կիրառել»։ Ասենք՝ հեղափոխության արդյունքում աշխատանքից հեռացվածների փոխարեն նոր նշանակումները պարոն Փաշինյանին ներկայացնելով իբրև նոր աշխատատեղի ստեղծում։

 

Իսկ մատնանշված «ստվերից դուրս եկած» աշխատատեղերի մասով՝ պիտի խնդրենք մինչև վերջ ազնիվ լինել և խոսել, թե ինչպիսի տեռորի արդյունքում են նրանք հասել դրան։ Պիտի խնդրենք ամենայն մանրամասնությամբ պատմել, թե ինչպես են հարկային մարմինները գիշեր-ցերեկ հսկողություն իրականացրել բիզնես դաշտում, տարբեր հնարքներ կիրառել գործատուների գլխին՝ տուգանելով վեց հարյուր հազար դրամով՝ ամեն չգրանցված աշխատողի համար։ Եվ այդ «օպերացիան» իրականացնելիս մեր հարկային մարմինները բնավ հաշվի չեն առել ներկայիս օրենսդրական դաշտն ու առկա իրավիճակում լիարժեք «թափանցիկ» դաշտում աշխատելու անհնարինությունը։

 

Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ է տարբերվում նոր իշխանությունների վարած քաղաքականությունն ասենք Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի կառավարության «բռնած գծից»։

Բացի այդ, կա նաև մեդալի մյուս կողմը, որի մասին ևս Նիկոլ Փաշինյանը լռեց․ խոսքը աշխատատեղ կորցրած քաղաքացիների մասին է, որոնց մասին լուրերն, ի դեպ, ողողել են մամուլը։ Հարցն այստեղ այն չէ, լավ է դա թե վատ, խնդիրն այն է, որ պարոն Փաշինյանը օգտվում է լրագրողական մանիպուլյատիվ «հնարքներից» ու մինչև վերջ անկեղծ չէ իր հայտարարություններում։

 

Թող 37 հազարի փոխարեն 237 հազար աշխատատեղ բացվի Հայաստանում, ի վերջո այս կառավարության ձախողումը յուրաքանչյուրիս ձախողումն է։ Սակայն, միաժամանակ, պետք է գիտակցել, որ նոր աշխատատեղեր ունենալու համար բառերի ու թվերի հարկի-անհարկի շահարկումներն ու խաղերը չեն օգնի։ Նոր աշխատատեղերի համար հստակ դինամիկ զարգացող տնտեսություն է պետք, պետք է բարենպաստ ֆոն ունենալ օտարերկրյա ներդրումների համար, պետք է լինել վստահելի երկիր և հարկային «փափուկ» քաղաքականություն տանել, որը ամենևին էլ հիմնված չի լինի «ում բռնել հարկել» մեխանիզմի վրա»։

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ