20 11 2018

Նախարարությունն արձագանքում է Իոաննիսյանին

Նախարարությունն արձագանքում է Իոաննիսյանին

Էլեկտրաէներգիայի և գազի հաստատված սակագների հաշվարկման մեթոդաբանությունների մշակումը Գարեգին Բաղրամյանի և նրա գլխավորած վարչության հետ կապելը հեռու է իրականության հետ որևէ աղերս ունենալուց: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ արձագանքելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հեղինակած տեսանյութին, որտեղ անդրադարձ կա նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի՝ ՀԾԿՀ նախագահ եղած ժամանակվա աշխատանքներին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր վրդովմունքն է հայտնում նախօրեին մամուլում շրջանառվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի տեսանյութի առնչությամբ, որով անդրադարձ է արվում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի անցյալին։Ցավում ենք, որ պարոն Իոաննիսյանն, ի հակառակ հանրությանը միայն «ճիշտը» ներկայացնելու և «ապատեղեկատվություն չտարածելու» խոստման, ներկայացնում է սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված եզրահանգումներ, որոնք,  վերջինիս բնորոշ պրոֆեսիոնալիզիմի և էթիկայի կանոնների քաջատեղյալ լինելու հանգամանքը հաշվի չառնելու պարագայում, կարելի կլիներ վերագրել փաստերի մակերեսային ծանոթության և ոչ մասնագիտական մոտեցման կիրառման։

Հանրությանն իրապես օբյեկտիվ և ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև հետագա պոպուլիստական հայտարարություններով մոլորեցումը կանխելու նպատակով հայտնում ենք, որ էլեկտրաէներգիայի և գազի հաստատված սակագների հաշվարկման մեթոդաբանությունների մշակումը Գարեգին Բաղրամյանի և նրա գլխավորած վարչության հետ կապելը հեռու է իրականության հետ որևէ աղերս ունենալուց։

Վստահ ենք՝ պարոն Իոննիսյանի կողմից խնդրո առարկա մեթոդիկաներով նախատեսված կարգավորումներին ծանոթության պարագայում վերջինիս կողմից բարձրաձայնված դատողությունները միանգամայն այլ բովանդակություն կունենային։

Այդուհանդերձ, անգամ առանց նշված մեթոդիկաների բովանդակային մասին անդրադառնալու, եթե տեսանյութի հեղինակն ընդամենը ուշադրություն դարձներ նշված մեթոդիկաների մշակման և հաստատման տարեթվերին, ապա հանրությանը զերծ կպահեր նման հիմնազուրկ ապատեղեկատվությունից։ Մասնավորապես, էլեկտրաէներգետիկայի մասով, բաշխման ցանցերի մեթոդիկան, որպես մասնավորեցման փաթեթի մաս, ընդունվել է 2002 թվականին, գազինը՝ 2004 թվականին, որին հաջորդել է 2014 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված միջպետական համաձայնագիրը, մինչդեռ Գարեգին Բաղրամյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ է նշանակվել 2011 թվականին:

Մեկնաբանությունները թողնում ենք հանրության դատին։ Խմելու ջրի ոլորտի սակագների վերանայման գործընթացի նկատմամբ ազդեցության մասով աննպատակահարմար ենք գտնում հերթական անգամ տեղեկատվության փաստարկումը՝ հաշվի առնելով խնդրի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով ներկայացված բավարար պարզաբանումները և հիմնավորումները։

Հավելենք միայն, որ նշված տեղեկատվության ոչ խորքային ուսումնասիրությունն անգամ բավարար էր համոզվելու, որ սակագների վերանայման գործընթացում հանձնաժողովի իրավասությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ և չեն ենթադրում որևէ հայեցողություն, ուստի սակագների ճշգրտման գործընթացում իսպառ բացառված էր մարդկային սուբյեկտիվ գործոնը, հետևաբար նաև հանձնաժողովի որևէ միջամտություն:

Եվ վերջում, հաշվի առնելով հետագա հրապարակումներով հանդես գալու՝ տեսանյութի հեղինակի խոստումը՝ հորդորում ենք պարոն Իոաննիսյանին հետայսու ցանկացած հետաքննություն իրականացնել իրեն բնորոշ խորքային վերլուծության և պրոֆեսիոնալիզմի շրջանակում՝ զերծ մնալով իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող և պետության ապագայով ոչ պակաս մտահոգ մասնագետների բարի համբավը և արժանապատվությունը ոտնահարող որակումներից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ