13 11 2018

2019-ին ակնկալվում է 241 միլիարդ դրամի վարկի ստացում. Ատոմ Ջանջուղազյան

2019-ին ակնկալվում է 241 միլիարդ դրամի վարկի ստացում. Ատոմ Ջանջուղազյան

Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող` ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեն կազմելիս առաջնային նշանակություն է տրվել տնտեսական միջավայրին և կանխատեսվող տնտեսական միջոցառումներին:

«Հաջորդ տարվա պետակա բյուջեն կազմելիս հաշվի են առել առկա վիճակագրությունն ու լավագույն մեթոդաբանությունը: Կանխատեսումն իրականացվում է առկա վիճակագրության և լավագույն մեթոդաբանության վրա: Նախորդ տարիներին կուտակված վիճակագրությունն ունի առանձնահատկություն, որը չէր կարող հաշվի չառնվել: Ներկայացված նախագիծը կարող էր չարտահայտել այն, ինչ նախկինում արդեն տեղի էր ունեցել մեր երկրում: Եվ այդ զարգացումներն արտացոլում են գտել պետական բյուջեի նախագծում»,- ներկայացրեց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով` նախագծում հաշվի չեն առված տնտեսական քաղաքականության` ընթացքում գտնվող քննարկումների արդյունքները: Կառավարությունը  հետագայում ունի ևս բյուջեում ճշգրտումներ կատարելու լիազորություն: Նա ընդգծեց, որ կառավարությունը կարող է հանդես գալ նաև օրենսդրական նախաձեռնությամբ:

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց այն վիճակագրական տվյալները, որոնք հաշվի են առնվել նախագիծը կազմելիս: «Համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքը մշտապես եղել է մտահոգության առարկա: Տնտեսական աճի պայմաններում ինչո՞ւ չունենք բյուջետային այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք այլ հավասար պայմաններում բնորոշ կլինեին այդպիսի տնտեսական իրադարձություններին: Դա մեծապես բացատրվել է համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքով: ՀՆԱ-ի մեջ հիմնական դերակատարություն ունեցել են ծառայություների ոլորտը, գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը»,- ասաց նա: 

Ջանջուղազյանի խոսքով՝ ակնկալվում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն  այս տարի կկազմի 4287 դոլար, իսկ մյուս տարվա համար ակնկալվում է 4604 դոլար: Նրա խոսքով` դա լավագույնը չէ, որ պետք է ունենանք, սակայն պետք է հաշվի առնել, որ որոշակի դինամիկա է եղել, դրա արդյունքում են արձանագրվելու այս թվերը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց նախարարի պաշտոնակատարին, թե ինչպես է կառավարությունը  դիմագրավելու վերջին 1-2 շաբաթում ունցած խնդրին՝ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման իմաստով: Այդ միտումը, ըստ կանխատեսումների, կարող է շարունակվել ևս կես տարի:

Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այդ հարցը քննարկել են նաև ԿԲ-ի հետ և կարող են արձանագրել, որ մտահոգվելու առիթ չունեն, որը կստիպի վերանայել իրենց կանխատեսումները. «Ձեր նշած վերջին շաբաթների զարգացումները գնահատվում է որպես օրինաչափ, ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո: Բոլոր դեպքերում դա մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի, որովհետև տատանումները կարող են ազդել ամեն ինչի վրա: Փոխարժեքի տատանումների ռիսկը այնպիսին չէ, որ արժե այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրվեն»:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կանխատեսվում է, որ 2019 թ.-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 151,6 միլիարդ դրամ:

«Ակնկալվում է 241 միլիարդ դրամի վարկի ստացում, 85 միլիարդ դրամի վարկի մարում: Իսկ պետական պարտքի սպասարկման գնահատականը 357 միլիարդ դրամ է: Պետական պարտք և ՀՆԱ հարաբերակցությունը կմնա նույն մակարդակին՝ 2,3 տոկոս: Իսկ պետական ծախսերի մեջ կշիռը 2019թ.-ին կկայունանա»,- ասաց նա:

Ֆինանսների նախարարն անդրադարձավ նաև եկամուտների բաշխմանը՝ նկատելով, որ այստեղ ևս վիճակը բարվոք չէ, մասնավորապես, մտահոգիչ է այն, որ նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը վատթարացմանմիտում է ունեցել:

«Մենք հիմա գտնվում ենք տնտեսական քաղաքականության քննարկման փուլում, որը բացի վեկտորի ընտրությունից նաև կտա լուծումներ, թե ինչպես իրականություն դարձնել այդ ձգտումները: Մասնավորապես, նախատեսվում է հանքահումքային, ցածր արտադրողական գյուղատնտեսությունից, ժամանցի, խաղային ոլորտներից անցում բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ առաջադեմ տնտեսական քաղաքականության մոդելի: Այն հիմնված կլինի արտահանելի ճյուղերի խթանման վրա»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ջանջուղազյանի խոսքով՝ Հայաստանում կառավարման համակարգը դանդաղաշարժ է և օպտիմալացման տեղ կա: Ըստ նրա՝ մենք կարող ենք ունենալ ավելի մոբիլ, արագագործ կառավարման համակարգ:

«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կառավարման համակարգին զուգահեռ ձևավորվել են անորոշ մանդատներով տարբեր կառույցներ՝ ՊՈԱԿ-ներ, հիմնադրամներ, ԾԻԳ-եր և այլն: Խնդիր ունենք նաև վարձատրման համակարգի հետ կապված: Գաղտնիք չէ, որ եղել է տեսակետ, որ կառավարման համակարգում լավ մասնագետ ներգրավելը բարդ է վարձատրության համակարգով պայմանավորված»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է վերանայել կառավարման համակարգի կառուցվածքը:

Նախարարը նշեց, որ եղած միջոցները բավարար են, որ օպտիմալացման դեպքում շտկվի վարձատրության համակարգը: Խոսքը մասնավորապես ղեկավար և աշխատակից հարաբերակցության մասին է. «Կառավարման տեսության մեջ հայտնի մեկ ղեկավարին 7-11 աշխատակցի հասցնելու պարագայում հնարավորություն կստեղծվի 20-22 տոկոսի չափով բարելավել աշխատավարձի մակարդակը: Պետական մարմինների նպատակները պետք է հստակեցվեն: Ակնկալում ենք, որ պետական մարմինների կառուցվածքն ավելի օպտիմալ կլինի այս զարգացումների արդյունքում: հարցը դեռ քննարկման փուլում է»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ