Որևէ շուկայում չի եղել տնտեսվարող, որին պատկանի շուկայի 100 տոկոսը, ներկայում էլ չունենք նման տնտեսավարող: Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով, Հայաստանում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողներ, սակայն այդպիսիք կան ամբողջ աշխարհում:
«Որևէ երկրի մրցկացային օրենսդրություն չի արգելում գերիշխող դիրք ունենալը: Շատ դեպքերում գերիշխող դիրք ունենալը կարող է պայմանավորված լինել օբյետիվ պատճառներով՝ տնտեսվարողի լավ աշխատանքով, ճիշտ կառավարմամբ, ռեսուսրների արդյունավետ օգտագործմամբ եւ այլն: Ավելի կարևոր հարց է, թե արդյոք կա՞ն շուկա մուտքի խոչնդոտներ: Մեր կառույցի նպատակը ոչ թե խոշոր ընկերություններին ամեն գնով փակել կամ կրճատելն է, այլ ապահովել, որ ապրանքային շուկաներում չլինեն մուտքի խոչընդոտներ, որ ցանկացած տնտեսվարող հեշտությամբ մուտք գործի շուկա կամ դուրս գալ այնտեղից», - ընդգծեց Շաբոյանը:
Անդրադառնալով շաքարավազի շուկային Արտակ Շաբոյանը նշեց, որ այստեղ ևս չկան մուտքի խոչնդոտներ և այս պահին շաքարավազի շուկայում շուրջ 100 տնտեսվարող կա. «Բոլորն էլ իրականացնում են ներկրումներ, այդ թվում նաև նախկին արտադրող ընկերությունը՝ «Ալեքս Հոլդինգ»-ը: Շաքարավազի շուկայում փոփոխություններ սկսեցին նկատվել 2015-2016 թվականներից, ԵՏՄ-ին միանալուց հետո: Շուկայում հայտնվեցին ընկերություններ, որոնք սկսեցին ներկրումներ իրականացնել ՌԴ-ից: Մինչև նախորդ տարի 40 ներկրող կար, բայց դրանք փոքր ներկրողներ էին: Վերջին 4-5 ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծողների քանակն ու խմբաքանակը շատացել է: «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն, որը մշտապես եղել է շուկայում և զբաղեցրել շուկայի 98 տոկոսը, այս պահին նրա կշիռը կազմում է 78 տոկոս», - ընդգծեց Շաբոյանը:
ՏՄՊՊՀ հանձնաժողվի նախագահն անդրադարձավ հարցին, թե ինչպես է աշխատում այս կառավարության հետ, ժամանակին Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահին համարել էր փոքր ֆիգուր և առաջարկել էր ոտքի տակ չընկնել։ «Մենք մեր աշխատանքը բարեխիղճ իրականացնում ենք: Նոր Սահմանադրությամբ՝ մեկ տարվա ընթացքում պետք է մեր հանձնաժողովի նոր անդամներ նշանակվեն Ազգային ժողովի կողմից, վարչապետի առաջադրմամբ: Այս ժամանակահատվածում վարչապետը կարող էր նոր թեկնածու ներկայացնել: Մենք մեր աշխատանքը շարունակում ենք սրտացավորեն անել»,-նշեց նա։ Դիտարկմանը՝ գուցե արդեն փոքր ֆիգուր չէ, որ չի հեռացվում, ՏՄՊՊՀ նախագահն ասաց. «Քննադատություններին միշտ էլ նորմալ եմ վերաբերվել, դրանք միշտ էլ աշխատանքային են եղել: Քննադատություններին ես դրական եմ վերաբերվում, քանի որ դրանք նպաստում են աշխատանքի բարելավմանը»,-նկատեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը