01 11 2018

Կառավարությունը վարկ կվերցնի՝ ինժեներական քաղաք կառուցելու համար

Կառավարությունը վարկ կվերցնի՝ ինժեներական քաղաք կառուցելու համար

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստին հաստատեց «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին 

«Ինժեներական քաղաքի» ստեղծ­ման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանում ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացումը:  

Ինժեներական քաղաքը նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ ոլորտի ընկերությունները/հաստատությունները:

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածա­շրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:

Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ:  

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուց­վածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրը բաղկացած է 2 հիմնական բաղադրիչներից` ենթակառուցվածքային և բովանդակային: Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է ստեղծել արդիական ենթակառուցվածք` բաղկացած Ինժեներական բիզնես աքսելերատորից և Համատեղ աշխատանքային տարածքից, Ինժեներական կենտրոնից, Ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերից: Երկրորդ բաղադրիչը ներառում է 3 ուղղություն`

  • լաբորատորիաների, արհեստանոցի և փոքր չափաքանակներով նմուշային արտադրության արտադրամասի ծրագիր (համատեղ օգտագործման լաբորատորիաներ).
  • աքսելերացիոն ծրագիր (նորաստեղծ ընկերությունների ժամանակավոր ինկուբացիա, թրեյնինգներ, մենթորություն).
  • «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոն` իր ուսումնական ծրագրերով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում:

 Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը, որն առանցքային նշանակություն ունի «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի դրական արդյունքների ապահովման համար։ Այն թույլ կտա մեկ վայրում համախմբել ինժեներական էկոհամակարգի հիմնական մասնակիցներին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է

1)ենթակառուցվածքների ստեղծում և տարածքի բարելավում, այդ թվում՝ ճանա­պարհների, մայթեզրերի, կանաչապատ տարածքների բարեկարգում, ցանկապատում, ճանապարհային լուսավորության, ջրի, գազի, էլեկտրականության, ինտերնետային կապի համակարգերի ապահովում.

Ինժեներական բիզնես աքսելերատորի, Համատեղ աշխատանքային տարածքի, Ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերի նախագծում և կառուցում.

Ինժեներական քաղաքի շենքերի, այդ թվում՝ Ինժեներական կենտրոնի, Ինժեներական բիզնես աքսելերատորի, Համատեղ աշխատանքային տարածքի, ընդհանուր օգտագործման տարածքների կահավորում և սարքավորումներով հագեցում (չափման լաբորատորիա, էլեկտրոնիկայի արտադրության գիծ, ինժեներական ապարատների արտադրության լաբորատորիա, արհեստանոց և այլն).

Ինժեներական քաղաքի կառավարման մարմինների ձևավորում, որը կազմավորվելու է համայնատիրության մոդելով, և որի ձևավորման սկզբմունքները կկարգավորվեն հաջորդիվ ընդունվող ՀՀ կառավարության որոշումներով.

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում Ինժենե­րական քաղաքում «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոնի հիմնում և այլն:

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում, 40%-ով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30%-ով արտահանման ծավալների աճ:

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50%-ը (մինչև 10.5 մլն ԱՄՆ դոլար) նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50%-ը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի /ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ/ կողմից: Նախատեսվում է, որ ծրագիրն ինքնածախսածածկ կդառնա գործունեության 4-րդ տարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ