06 10 2018

Գազի և Էլեկտրաէներգիայի սակագները իջեցնելու մասին հայտարարությունները կեղծ են

Գազի և Էլեկտրաէներգիայի սակագները իջեցնելու մասին հայտարարությունները կեղծ են

Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ինչ-որ փորձագետների կողմից 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ԶԼՄ-ներով ներկայացված հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, զուրկ են որևէ հիմքից, և բացահայտ ապատեղեկատվություն են։

Այս մասին հայտնում են ՀԾԿՀ հանձնաժողովից:

«Մասնավորապես. նշվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից անարդյունավետ ներդրումներ, ծախսեր իրականացնելու, խաղատուն, հանգստյան տուն կառուցելու և դրանք բնական գազի սակագներում ներառելու մասին:

Իրականում՝ ինչպես ներդրումային, այնպես էլ շահագործման և պահպանման ծախսերը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մանրամասն ուսումնասիրվում և վերլուծվում են, ինչի արդյունքում, համաձայն գործող մեթոդիկաների, սակագներում ներառվում են միայն ընկերության լիցենզավորված գործունեությանն առնչվող և հիմնավորված ծախսերը։ Նշված ամբողջ գործընթացը, մինչև սակագների սահմանումը, անցնում է բաց և թափանցիկ ընթացակարգով և ներկայացվում է հանրության քննարկմանը: Էլեկտրական էներգիայի սակագները 10 դրամ/կՎտժ-ով իջեցնելու մասին հայտարարությունը նույնպես անհիմն է, քանի որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագներում ներառվում են միայն լիցենզավորված գործունեությանն առնչվող և հիմնավորված ծախսերը՝ վերը նշված սկզբունքներին և մեթոդիկաներին համաձայն:

Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ էլեկտրական էներգիայի սահմանված սակագները և դրանց հաշվարկման մեթոդիկաները, դեռ 2016 թվականին, անցել են միջազգային աուդիտ, համաշխարհային վարկանիշային ցուցակի լավագույն քառյակում տեղ զբաղեցրած, «Դելոյթ ընդ Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերության կողմից: «Դելոյթ ընդ Տուշ»-ը եզրակացրել է, որ սակագների գործող մեթոդիկաները համապատասխանում են միջազգային լավագույն չափորոշիչներին, և սահմանված սակագները ճիշտ են հաշվարկված: Ուստի, բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է նախ խնդիրը խորությամբ ուսումնասիրել և ծագած հարցերը քննարկել ՀԾԿՀ-ի հետ, ինչի արդյունքում հայտարարություններ անողները չեն ձևավորի սխալ հանրային կարծիք ու զերծ կմնային հիմնազուրկ եզրահանգումներից»,-ասված է պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ Վարչապետի էներգետիկայի գծով խորհրդականին կից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունները բերել են այն եզրակացության, որ ամենաքիչը 10 տոկոսով հնարավոր է գազի սակագինը նվազեցնել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները կարելի է իջեցնել ամենաքիչը 10 դրամով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ