ՀՀ կառավարությունն օգոստոսի 30-ին որոշում կայացրեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին:
Որպես որոշման հիմք հանդիսացել է «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության մասնավոր նախաձեռնությունը:
Նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և կայուն տնտեսական զարգացումը:
Ազատ տնտեսական գոտին կգործի արտադրական և տեխնիկակիրառական ուղղությամբ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: ԱՏԳ-ի գործունեության ժամկետը 25 տարի է:
Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների զարգացման համար, ներգրավել համաշխարհային մակարդակի բարձր որակավորում ունեցող մասնագետների, ստեղծել բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների կլաստերների փոխներգործության եզակի համակարգ:
Ըստ նախագծի՝ մինչև 2043թ. այդ գոտում կներգրավվի 200 շահագործող, մինչև 2021թ.` 50 շահագործող: Կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր, կազմակերպությունը կներդնի մինչև 4 միլիոն դոլար, շահագործողները` հետագա տարիներին կներդնեն մինչև 40 միլիոն դոլար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը