«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Միացալ Նահանգների դեսպանի հայտարարությունը Հայաստանում առաջիկայում ամերիկյան խոշոր ներդրումների ակնկալիք չունենալու շուրջ, սառը ցնցուղ էր կառավարության համար։ Բայց դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչպես է վարվում նոր իշխանությունը ներդրողների հետ։
Իշխանափոխությունից հետո կառավարությունը դեռևս չի հայտարարել որևէ կոնկրետ ներդրումային ծրագրի իրականացման մասին։ Խոստացված ներդրումային բումը չի կայանում։ Ներդրողները, այդ թվում՝ Սփուռքի մեր հայրենակիցները, չեն շտապում գալ Հայաստան և ֆինանսական աջակցություն ցուցաբերել նոր իշխանությունների տնտեսական ծրագրերին և մասնակցել երկրի տնտեսության զարգացմանը։ Նամանավանդ երկիրը ներարկումների լուրջ կարիք ունի։
Ինչո՞ւ է այդպես։ Դա նշանակո՞ւմ է, որ կառավարության քայլերը վստահություն չեն ներշնչում և չափազանցված են նախկինում ձևավորված սպասումները։
Մինչ կառավարությունը անհույս փորձեր է անում տնտեսության նկատմամբ արտաքին կապիտալի ներդրումային հետաքրքրությունների ակտիվացման նմանակում ստեղծելու ուղղությամբ՝ հարցականի տակ են հայտնվել որոշ խոշոր նախագծեր, որոնք նախանշել էր նախորդ կառավարությունը։ Խոսքը Հայաստանի տնտեսության չափանիշներով մեծածավալ ներարկումների մասին է, որոնք հայտնվել են ծանր փորձության առջև։
Ամուլսարի պատմությունը դեռևս չավարտված՝ այժմ էլ դժգոհություն է հասունանում «Շնող հէկ»-ի կառուցման ծրագրի հետ կապված, որը, ի տարբերություն առաջինի, նոր պետք է մեկնարկի։ Հայ-ամերիկյան համագործակցությամբ նախատեսվող այս ծրագրի իրականացումը հայտնվել է հարցականի տակ։ Տեղի բնակչությունը բնապահպանական նկատառումներով դեմ է հիդրոկայանի կառուցմանը։
Խոսքը 150-200 մլն դոլարանոց ներդրումային ծրագրի մասին է, որի շնորհիվ ակնկալվում է ապահովել 75 մեգավատտ էներգետիկ հզորություն։ Կասկած չկա, որ նման կայանի կառուցումը առանցքային նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար, այդ թվում՝ սակագնային քաղաքականության հարցում։
Իշխանափոխությունից հետո հարցականի տակ է հայտնվել նաև «Ռենկո» ընկերության կողմից Երևանում երկրորդ ջերմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը, որի ներդրումային արժեքը գնահատվում է շուրջ 300 մլն դոլար։ Կառավարությունը դեմ է ներդրողի հետ նախկինում ձեռք բերված պայմաններով դրա իրականացմանը։ Ուստի առաջարկել է վերանայելն այն։
Կհամաձայնի՞ դրան ներդրողը, թե՞ ոչ, այնքան էլ կարևոր չէ։ Փաստն այն է, որ կառավարության նման վարքագիծը վստահություն չի ներշնչում ներդրողներին։
Խնդիրների առջև է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագիրը։ Այս ցանկը կարելի է շարունակել։ Բայց դա էլ բավական է, որ ներդրողները զգուշանան՝ գիտակցելով, թե ինչ ճակատագիր կարող է սպասել իրենց Հայաստանում։ Նման պայմաններում ինչպե՞ս կարող է ներդրումային ակնկալիք լինել։
Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորվել են որոշակի տրամադրություններ, որոնք ներդրողների օգտին չեն։ Մինչ մի կողմից տնտեսությանն անհրաժեշտ են ներդրումներ, մյուս կողմից՝ խոչընդոտներ են ստեղծվում դրանց իրականացման համար։ Սա լուրջ խնդիր է, որի հիմքերը դրել է կառավարությունը։ Եվ այժմ էլ շարունակում է նույն կերպ վարվել։ Զարմանալի է, երբ վարչապետը հայտարարում է, թե չեն իրականացվի այնպիսի ներդրումային ծրագրերը, որոնց դեմ են համայնքները։
Կասկած չկա, որ միշտ էլ կլինեն քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ հետաքրքրություններից դրդված՝ կարող են արգելափակել տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարի հասնող ներդրումային ծրագրերը։ Եթե այսպես պիտի առաջնորդվի կառավարությունը ներդրողների հետ հարաբերություններում, ապա դժվար չէ պատկերացնել, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Մանավանդ առանց այդ էլ Հայաստանի ներդրումային հնարավորությունները չափազանց փոքր են»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը