Մթերային ցանցային խանութները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:
Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:
Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ:
Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել:
Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:
Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար»: Հայտարարությունը ստորագրել են՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան,
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան,
«Կրպակ» սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան,
«Կայզեր» սուպերմարկետների ցանց` Պարթև Պետրոսյան,
«Սաս Գրուպ» սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան,
«Պարմա» սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան,
«Ծիրան» սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան,
«Էվրիկա» սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով,
«Վաս գրուպ» սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան,
«Դանիելյան» սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան,
«Շիրակ» խանութների ցանց՝ Գոռ Գևորգյան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը