Տնտեսագետ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արի՜ հարկեմ
Հարկային քաղաքականությունը դա մի մեծ բանաձև է, որի մեջ առկա են բազմաթիվ կոմպոնենտներ, սկսած ՀՀ-ում միջին աշխատավարձի չափից, նպաստառուների, մեկ աշխատողին բաժին ընկնող գործազուրկների թվաքանակից, ՀՆԱ-ի չափից, կառուցվածքից, շարժի դինամիկայից, պետական պարտքի չափից, երկրում ճշգրիտ հաշվարկված ներքին սպառման շեմից, ներմուծում-արտահանում հարաբերակցությունից, առաջնահերթություններից ու էլի նմանատիպ կարևոր հարցերից, որի ոսկե միջինի հիման վրա է կառուցվում, մշակվում և իրականացվում հարկային քաղաքականություն: Հարկային օրենսգիրքը այն գործիքն է, որի կիրառմամբ իրականացվում է այդ քաղաքականությունը:
Մեր երկրի Սահմանադրության առաջին հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հարկային օրենսգիրքն ու հարկային քաղաքկանությունը սպասարկում է, այս հոդվածի սոցիալական պետություն լինելու բաղադրիչին: Այսինքն, օրենքները, որոնք ուղղակի կապված են մարդկանց կենսական շահերի և կյանքի որակի հետ, պետք է ունենան սոցիալական գնահատում: Օրինակ եկամտային հարկի համահարթեցումը իր հետ բերեց անուղակի հարկերի բարձրացում, եկամուտն աղբյուրի մոտ հարկելու փոխարեն, սպառման դաշտ տեղափոխում՝ ավելացվելով ակցիզային հարկի և/կամ ԱԱՀ-ի չափաբաժինը: Ժամանակին մեզ պնդում էին, որ պրոգրեսից եկամտային հարկի պակաս վճարված հարկերը բյուջե կմուտքագրվեն ակցիզային հարկի և/կամ ԱԱՀ-ի միջոցով: Կյանքը ցույց տվեց, որ այդ բացը չլրացվեց, դեռ մի բան էլ դեֆորմացրեց կայացած շուկաները: Բավական է նայել ՊԵԿ-ի կողմից հրապարակված վերջին տարիների 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակով արտացոլված անուղակի հակերի մուտքագրման դինամիկան ՀՕ փոփոխություններից հետո, արդեն պարզ է դառնում, որ այդ հարկատեսակների գծով մուտքերը չեն արդարացրել իշխանությունների կանխատեսումները: Հիմա դեֆորմացիան կապել են շրջանառության հարկի դրույքաչափերի կամ առհասարակ դրա գոյության հետ:
Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հաշվել իր հարկային բեռի ավելացումը, որոշ գործունեության տեսակների, մասնավորապես՝ առևտրի, արտադրության, վարձակալության ոլորտների հարկային բեռը կրկնապատկվել է: Հասկանալի ասած, ստացվում է, որ պետությունը վերցնում է մի սովորական խանութ-կրպակի տիրոջ օգուտի զգալի մասը: Ենթադրենք մի սննդի կրպակ, որը վաճառում է ձեռքբերված ապրանքի գնի վրա ավելացնելով պայմանական ասած 30 տոկոս (հաշվարկը կարող եք անել ցանկացած տոկոսային թվով), ստացվում է, որ 100 դրամով ձեռբերված ապրանքը պետք է վաճառի 130-ով, որի 10 տոկոսը պետք է վճարի պետությանը՝ 13 դրամ (6.5 դրամի փոխարեն), իրեն մնում է 17 դրամ, որից դեռ պետք է կոմունալներ վճարի, աշխատողի աշխատավարձ վճարի և վճարի նրա հարկերը, եթե կրպակը վարձակալել է, ապա իր ծախսածածկման կետը պարտադիր պետք է վերանայի և ավելացնի ապրանքի գինը: Ուզի չուզի պետք է ապրանքը թանկացնի, որն էլ կնվազեցնի իր վաճառքը: Մարդիկ գնումների համար կգնան խոշոր սուպերմարկետներ, որտեղ կան բազմաթիվ ակցիաներ, բոնուսային քարտեր, խաղարկություններ և այլն:
Ամեն ինչ շատ պարզ է, խոշորները կգան «ուտելու» փոքր բիզնեսին: Այ սա կլինի իրականում, որն էլ սոցիալական գնահատման տեսանկյունից կդառնա աղետալի: Այս նոելիբերալ քաղաքական կուրսը քայքայիչ է, հակասոցիալական և բազմաթիվ նոր խնդիրներ ստեղծող:
Ավելի արդար կլինի, եթե շրջանառության հարկով հարման դաշտում աշխատող ՓՄՁ-ներին պարզ ասեն, որ շրջանառության հարկից հրաժարվելու համար պետք է վճարել: Այսինքն պետք է մի որոշ ժամանակ ձեզ կթողեն այս բեռի տակ, որպեսզի հասկանաք, ֆինանսական բեռը ծանր է և հեշտ տանեք դրանից հրաժարվելու կառավարության ապագա-կա որոշումը: Մի նախադասությամբ ասած կդեֆորմացնեն ձեր առանց այդ էլ դեֆորմացված տնտեսությունը կամ փող տուր հարկային բեռդ ավելացնեմ:
Մնաց մի հարց՝ կհասցնե՞ն, թե հայ ազգը կհեռացնի այս իշխանություններին:
...
Կից շրջանառության հարկի դրույքաչափերը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը