20 11 2023

Տարվա երկրորդ կեսին տնտեսական ակտիվության աճի տեմպը Հայաստանում գրեթե 3 տոկոսային կետով նվազել է․ 168.am

Տարվա երկրորդ կեսին տնտեսական ակտիվության աճի տեմպը Հայաստանում գրեթե 3 տոկոսային կետով նվազել է․ 168.am

168․am-ը գրում է․ Կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեի կատարման ու նախատեսած տնտեսական աճի ապահովման գործում գլխավոր դերը կրկին վերապահել է արտաքին գործոններին, որոնք մեծապես նպաստեցին այն բարձր աճերին, որոնցով այսօր հպարտանում են։ Սակայն, ի տարբերություն նախորդ երկու տարիների, այդ գործոնների դերը գնալով թուլանում է։ Դա արդեն նկատելի է նաև վերջին ամիսների տնտեսական աճի ցուցանիշներում։ Տարվա երկրորդ կեսին տնտեսական ակտիվության աճի տեմպը Հայաստանում գրեթե 3 տոկոսային կետով նվազել է։


Եթե ամեն ինչ գնա նույն սցենարով, ապա արտաքին գործոնների ազդեցության թուլացումը Հայաստանի տնտեսության վրա առավել տեսանելի կդառնա հաջորդ տարի։ Բայց որքան էլ տարօրինակ լինի, կառավարությունը հույսը կրկին դրել է դրանց վրա ու բյուջեում մեծապես կարևորել է արտաքին գործոների ազդեցությունը։ Այն պարագայում, երբ մի շարք ուղղություններով արդեն հիմա ունենք մտահոգիչ իրավիճակ։

Թե ո՞ւր է նայում կառավարությունը և ի՞նչ հետևություններ է անում այս ամենից, ոչնչով չի երևում։


Շարունակում են բյուջեն կառուցել իրականությունից կտրված դատողությունների վրա։


Ֆինանսների նախարարը խոսում է հաջորդ տարի ապրանքների արտահանումը միջինում 438 մլրդ դրամով ավելացնելու մասին՝ չտեսնելով կամ չտեսնելու տալով այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել վերարտահանումների ոլորտում։ Այն վերարտահանումների, որոնք դարձել են մեր արտահանման վերջին երկու տարիների աճի հիմնական գործոնը։

Հայտնի է, որ ինչպես արտահանումը, այնպես էլ ընդհանրապես արտաքին առևտրի վերջին երկու տարիների բարձր աճերը գերազանցապես կապված են Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ, ինչը հնարավորություն է տվել Հայաստանին, երբեմն նաև այդ պատժամիջոցները շրջանցելով՝ իրականացնել ապրանքների տեղափոխում Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ։ Սակայն վերջին շրջանում այդ ճանապարհները կարծես նեղանում են։ Եվրախորհրդարանը նախատեսում է ոչ միայն խստացնել պատժամիջոցները, արգելափակել պատժամիջոցների շրջանցման հնարավորությունը, այլև պատժամիջոցների մեջ ներառել նաև ռուսական այնպիսի ապրանքներ, որոնք վերարտահանումների արդյունքում վճռորոշ դեր են ունեցել վերջին տարիների Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշների վրա։

Նախատեսվում է ամբողջությամբ արգելել մասնավորապես ռուսական ծագման ադամանդների արտահանումը և կոշտ միջոցներ կիրառել այն շրջանցող երրորդ երկրների նկատմամբ։

Թվում է, թե դրա հետ ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը։ Բայց կապը շատ ուղղակի է։ Այդ արգելքից մեծապես կարող է տուժել Հայաստանի արտաքին առևտուրը և հատկապես՝ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արտահանումը։

Վերարտահանումների արդյունքում թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը, նաև թանկարժեք մետաղները դարձել են Հայաստանի արտահանման ամենախոշոր հատվածը։ Այս տարվա ինն ամսում դրանց արտահանումն անցնում է 1,1 մլրդ դոլարից։ Որևէ այլ ապրանքախումբ չկա, որտեղ արտահանումը նույնիսկ մոտ լինի դրան։ Թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանումը գերազանցել է նույնիսկ հանքահումքային ապրանքների արտահանմանը։

Նախորդ տարվա համեմատ՝ դրանց արտահանումը գրեթե կրկնապատկվել է։ Իսկ 2022թ. համեմատ, երբ դեռևս մեծ չէր Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ու վերարտահանումների ազդեցությունը, տարբերությունը 5 անգամի է հասնում։

Այս տարի արտահանումն անցնում է 1,1 մլրդ դոլարից, այն ժամանակ ընդամենը 224 մլն դոլար էր։

Պարզ է չէ՞, որ այսքան կարճ ժամանակահատվածում թանկարժեք ու կիսաթանկաժեք քարերի արտադրությունը Հայաստանում, անգամ մեծագույն ցանկության դեպքում, չէր կարող այդքան ավելանալ։ Դա եղել է ներկրման հաշվին. ներկրվել է Ռուսաստանից։ Դրա համար էլ այդ ապրանքների ներմուծումը ևս ռեկորդային տեմպերով ավելացել է։ Այս տարվա ինն ամսում ներմուծումը կազմել է 980 մլն դոլար՝ 2,3 անգամ ավելի շատ, քան անցած տարի։ Ներմուծել են, հետո վերարտահանել այլ երկրներ։ Սա էլ մեծապես ազդել է Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշների վրա։

Թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների առևտրային շրջանառությունն ինն ամսում հասել է գրեթե 2,1 մլրդ դոլարի։

Միայն այս ապրանքախմբին բաժին է ընկնում արտաքին առևտրի 15 տոկոսից ավելին։

Սա լուրջ կախվածությունը է, և այստեղ ցանկացած ոչ հաճելի փոփոխություն մեծապես ազդելու է Հայաստանի արտաքին առևտրի ու արտահանման վրա։

Եթե այնպես ստացվի, որ այլևս չլինեն ադամանդի վերարտահանումների նախկին հնարավորությունները, Հայաստանի արտաքին առևտուրը դրանից մեծապես կտուժի։

Գիտակցո՞ւմ են սա կառավարությունում, թե՞ ոչ, դրանից իրողությունները չեն փոխվում։

Բայց խնդիրը միայն ադամանդին չի վերաբերում։ Ոչ պակաս լուրջ ռիսկեր են առաջացել նաև ավտոմեքենաների և սարքավորումների վերարտահանումների հետ կապված։

Սա էլ այն մյուս խոշոր ուղղությունն է, որն անցած ու այս տարի նպաստել է Հայաստանի արտաքին առևտրի բարձր աճերին։ Հայաստանի միջոցով մեծ քանակությամբ ավտոմեքենաներ և էլեկտրական սարքավորումներ են մատակարարվել ռուսական շուկա։ Սակայն վերջին շրջանում մի կողմից՝ էլեկտրական սարքավորումների մատակարարումների հետ կապված պատժամիջոցները շրջանցելու ռիսկերն են ավելացել, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն է որոշել խստացնել ավտոմեքենաների ներկրումը՝ ներքին արտադրողին պաշտպանելու համար։

Պատկերացնելու համար, թե սա ի՞նչ հետևանք կարող է թողնել Հայաստանի արտահանման ու ընդհանրապես արտաքին առևտրի վրա, բերենք որոշ ցուցանիշներ պաշտոնական վիճակագրությունից։

Այսպես. այս տարվա առաջին ինն ամիսներին մեքենաների, սարքավորումների ու մեխանիզմների արտահանումը Հայաստանից կազմել է գրեթե 900 մլն դոլար։ Ներմուծումը նույնիսկ կրկնակի ավելին է՝ 1,8 մլրդ դոլար։ Արտահանման-ներմուծման շրջանառությունն անցնում է 2,7 մլրդ դոլարից, ինչը մեր արտաքին առևտրի գրեթե 20 տոկոսն է։

Հիշեցնենք՝ 15 տոկոսն էլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերն ու մետաղներն են։

Այս երկու ապրանքախմբերը, որոնք զբաղեցնում են առևտրաշրջանառության 35 տոկոսը, դարձել են Հայաստանի արտաքին առևտրի բարձր աճերի հիմքը։ Սակայն երկուսի դեպքում էլ վերջին շրջանում ռիսկեր են առաջացել։ Ու եթե դրանք սկսեն դրսևորվել, արտաքին առևտրի նախկին բարձր աճերը պարզապես կփլվեն։

Մինչ կառավարությունը հաջորդ տարվա տնտեսական աճի ու բյուջեի ակնկալիքները կրկին կապել է արտաքին գործոնների հետ, Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությունը թուլանում է նաև այլ ուղղություններով։ Այդ ուղղություններից մեկն էլ դրսից կապիտալի հոսքերն են, որոնք վերջին ամիսներին բավական ակտիվ կրճատվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ