06 09 2023

Արցախում նվազել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

Արցախում նվազել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

2023 թվականի հունվար-հունիս ամիսներին Արցախի Հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 13.9 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել` 16.1մլրդ դրամի պատրաստի արտադրանք։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփվելով 2023 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը։

«2022թ. հունվար-հունիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 22.8 տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում՝ 1.3տոկոս, մշակող արդյունաբերությունում` 55.7տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում` 63.2տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 96.8 տոկոս»,-ասել է Մ. Մինասյանը։

Խոսելով գյուղատնտեսության ոլորտում գրանցված  ցուցանիշներից՝ նա նշել է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2023 թվականի հունվար-հունիսին, փաստացի գներով, կազմել է 9.7մլրդ դրամ, որը, 2022 թվականի հունվար-հունիսի համեմատությամբ, համադրելի գներով, նվազել  է 40.2տոկոսով:

«2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, հանրաապետությունում նվազել է խոշոր եղջերավոր անասունների  գլխաքանակը` 15.8 տոկոսով, այդ թվում` կովերինը` 17.3 տոկոսով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 22.4տոկոսով, թռչուններինը՝ 36.9տոկոսով։ Խոզերի գլխաքանակն աճել է 39.2տոկոսով»,-նշել է ԱՎԾ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ