26 05 2023

Հայաստանում արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հայաստանում արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։ Այս մասին նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։ Ըստ այդմ․

«2023թ.-ին ՀՀ տնտեսությունը կրում է նախորդ տարվա բարձր աճ ապահոված գործոնների շարունակվող ազդեցությունները, որոնք, սակայն, եթե տարեսկզբին դրսևորվում են որպես աճն արագացնող գործոններ, հետագայում կարող են վերածվել տնտեսական աճը նվազեցնող գործոնների: Այսպես, տարեսկզբին գրանցվել է տնտեսական աճի բարձր տեմպեր, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ տնտեսության վրա արտաքին շոկի դրական ազդեցությունները դեռևս նկատելի չէին: Մինչդեռ հետագա ամիսներին, երբ համեմատվող ժամանակահատվածում առկա կլինի շոկերի էֆեկտները (բազայի էֆեկտը), կարելի է սպասել աճի տեմպի դանդաղում: Այսպիսով՝

• 2023թ. բարձր տնտեսական աճի հիմքում ընկած բազայի էֆեկտը աստիճանաբար չեզոքանում է, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպերը աստիճանաբար կնվազեն: Ընթացիկ տարվա առաջին ամիսները համեմատելով նախորդ տարվա համապատասխան ամիսների հետ, երբ դեռևս տնտեսական ցուցանիշներում չէին արտացոլվել արտաքին շոկի դրական ազդեցությունները, ստացվում են բարձր աճեր, սակայն ապրիլին ՏԱՑ-ը դանդաղել է, քանի որ նախորդ տարվա ապրիլի ցուցանիշն արդեն իսկ որոշակիորեն պարունակում է շոկերի ազդեցությունները: Մասնավորապես, ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 12.1%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 1.9 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տարվա ապրիլին ՏԱՑ-ը արագացել էր 2.0 տոկոսային կետով: Հաջորդ ամիսներին կարելի է ակնկալել, որ ՏԱՑ-ի տեմպը կշարունակի դանդաղել՝ արտացոլելով բազայի էֆեկտի չեզոքացումը:

• Արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ: Մարտ ամսին արդյունաբերության աճը կտրուկ արագացավ, ինչը կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ: Հետևաբար, սպասելի էր, որ ապրիլին արդյունաբերության աճի տեմպը որոշակիորեն պետք է նվազի: Սակայն, փաստացի ընթացիկ տարվա ապրիլին գրանցվել է արդյունաբերության անկում՝ 0.8 տոկոսի չափով: Արդյունաբերության նման զարգացումները մտահոգիչ են, քանի որ դրանք կարող են հանգեցնել տնտեսության կառուցվածքի վատթարացմանը և ներուժային աճի դանդաղմանը:

• Գնաճի տեմպն էականորեն նվազել է՝ մոտենալով գնաճի թիրախային միջակայքի ստորին սահմանին: Դեռևս 2 ամիս առաջ ՀՀ-ում գների աճի տեմպն էականորեն գերազանցում էր ԿԲ թիրախը, սակայն մարտ և ապրիլ ամիսներին գրանցվել է գնաճի էական դանդաղում: Ընդ որում, ընթացիկ տարվա տարեսկզբից ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է նույն մակարդակում: Գնաճի տեմպի դանդաղումը, իհարկե, դրական երևույթ է, սակայն նվազման տեմպը պետք է լինի տնտեսական միջավայրին համահունչ»:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ