21 03 2023

Արցախի 100 օր շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները



 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը՝ խորհրդարանում․

Ցեղասպանության, բռնի տեղահանման և վերջնական հայրենազրկման իրական նպատակով արդեն 100 օր Ադրբեջանի մարդակեր իշխանությունները շրջափակել են Արցախի Հանրապետությունը։

Անվտանգայինից զատ՝ ժամ առ ժամ խորանում են Արցախի բնակիչների հումանիտար, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական խնդիրները։ Դրանք ավելանում են 44-օրյա պատերազմի հետևանքով արդեն իսկ առաջացած խնդիրներին։

Շրջափակման 100 օրերի ընթացքում արդեն իսկ արձանագրվել և շարունակում են խորանալ հումանիտար, սոցիալ-տնտեսական բացասական մի շարք հետևանքներ։

Պարենային սղությունը, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասուրդը և հասանելիության սահմանափակումները, թշնամու կողմից գազի, էլեկտրական էներգիայի դիվերսիոն անջատումները իրավիճակը հասցրել են հումանիտար աղետի՝ առաջ բերելով գոյաբանական նոր սպառնալիքներ։

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ավելանում են անվտանգային սպառնալիքներն ու տնտեսվարման անլուծելի խնդիրները։

Չնայած իրականացվող պետական աջակցության ծրագրերի և գործող հարկային արտոնությունների՝ տնտեսության գրեթե բոլոր ոլորտների շուրջ 800 տնտեսավարող սուբյեկտներ (ընդհանուրի գրեթե 20 տոկոսը) դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ մնացածը գործում են մասնակի ծավալով։ Այպիսով՝ 2672 արցախցիներ դարձել են գործազուրկ՝ կորցնելով իրենց կայուն աշխատանքն ու եկամուտները։

Պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից շուրջ 24 տոկոսով կամ 1,3 միլիարդ դրամով պակաս են հավաքագրվել։

Եվ այս ամենը քաղաքակիրթ մարդկության աչքի առջև, միջազգային մարդասիրական իրավունքի լկտի ոտնահարմամբ, ի հեճուկս միջազգային կառույցների և դերակատար պետությունների պաշտոնական կոչերի և դատապարտումների։

Հայաստանի օրվա իշխանությունն էլ խոսում է 44-օրյա պատերազմից հետո Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության որոշակի աճերի մասին։ Ի դեպ, 2023 թվականին՝ նախորդ տարվա փաստացիի համեմատ՝ նախատեսված այդ աջակցությունը  կրճատվել է 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով։

Վստահ եմ՝ ԱՐՑԱԽՑՈՒ ոգին անկոտրուն է, կամքն՝ անսասան։ Արցախցին այսօր կանգնած է և պայքարում է վճռական, որ հայ ժողովուրդը չհայրենազրկվի, ունենա պետականություն և արժանապատվություն։

Ելույթը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ