Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
"Արմագեդոն"
1-ին հրապարակում
Որոշել եմ "Արմագեդոն" խորագրով մի քանի հրապարակում անել վերջին հնգամյակում (2018-2022թթ) ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առումով։ Նման վերլուծության կարևորությունը պայմանավորված է, նախևառաջ, նրանով, որ հանրապետության պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չեն տալիս վերջին տարիիերին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը գովերգելու առումով։ Երկրորդ, արդյո՞ք բացառված է այն, որ իրականում գործ ունենք փաշինյանական իշխանության ռազմական, քաղաքական, տարածքային կորուստներին համահունչ տնտեսական ձախողումների հետ։
Անցյալ ամիս ավարտեցինք ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վերջին 4 հնգամյակների (2003-2007թթ., 2008-2012թթ., 2013-2017թթ. և 2018-2022թթ.) տվյալների մի հսկայական մասիվի վերլուծությունը։ Մտադիր ենք տարվա կեսերին մի հաստափոր աշխատություն հրապարակել։ Իսկ մինչ այդ կփորձեմ ներկայացնել մեր հետազոտության ամփոփ արդյունքները։ Նշեմ նաև, որ մեր վերլուծությունը կատարված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա։ Մենք այլ տվյալներ չունենք։ Վերջում ցույց կտանք, որ այդ տվյալները հակասական են, իրարամերժ։ Բայց այս փուլում մենք այլ ելք չունենք. պետք է ելնենք դրանցից։
Այսօր կուզենայի հակիրճ անդրադառնալ 2018-2022թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական արդյունքներին։ Հաջորդ հրապարակումներում անդրադարձ կլինի ֆինանսական, սոցիալական, ժողովրդագրական, իրավական ասպեկտներին, ինչպես նաև կոռուպցիային։
Իշխանությունները շատ են գովերգում վերջին տարիներին ՀՀ տնտեսական զարգացման բարձր աճը։ Այսպես, 2022-ին, նրանց ասելով, ապահովվել է շուրջ 14% տնտեսական աճ։ Ի՞նչպես պետք է դրան վերաբերվել։
Առաջին, ընթացիկ տնտեսական աճը բացարձակապես ոչինչ չի նշանակում երկարաժամկետ իրական հաջողությունների առումով։ Այսպես, 2018-2022թթ. ՀՆԱ հավելաճի պաշտոնական թիվը սոսկ 26.5% է կամ միջին տարեկանը սոսկ 4.7%։ Ավելորդ չէ նշել, որ նշված 4 հնգամյակներից առաջինում (2003-2007թթ.) միջին տարեկան հավելաճը կազմել է 13%, երկրորդում (2008-2012թթ.)՝ 1% և երրորդում (2013-2017թթ.)՝ 3.5%։ Այսինքն, այդ ի՞նչ հաջողոթյան մասին է խոսքը։ Նկատենք, որ 2018-2022թթ. (այն է՝ փաշինյանական իշխանության տարիներին) տնտեսական աճի արագացում չկա։ Աճի տեմպերով ՀՀ-ն զիջում է 1-ին հնգամյակին և շատ չնչին առավելություն ունի 3-րդ նկատմամբ (4.7%-ը 3.5-ի համեմատ)։ Ստորև կտեսնենք, 3-րդ հնգամյակի համեմատ այդ 1% լրացուցիչ աճի համար ի՞նչ հսկայական ռեսուրներ են ծախսվել։
Երկրորդ, աճի ճյուղային կառուցվածքը վատն է. այն հիմնականում ապահովվել է ծառայությունների ոլորտի՝հատկապես ֆինանսական ու ապահովագրական գործունեության հաշվին (տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 8%՝ գրեթե հավասարվել է գյուղատնտեսությանն ու մշակող արդյունաբերությանը)։ Պետք է նշել նաև հանքագործության ու խաղերի սրընթաց աճը (բացառուըյամբ 2022թ.), որոնց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է համապատասխանաբար 3.8 և 2.7%-ի։ 2022-ին առաջին անգամ ՀՀ պատմության մեջ բանկերի ընդհանուր ակտիվները (սրանք, որպես կանոն, տրված վարկերն են) հավասարվել են ՀՆԱ-ին։ 2018-2022թթ դրանք գրեթե կրկնապատկվել են. 4364 մլրդ դրամից (2017թ) հասնելով 8390 մլրդ դրամի (2022թ)։ Այս վարկերը դեռ վերադարձնել է պետք։ Ծառայությունների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է 64%-ի։ Առաջին հայացքից վատ չէ։ Սակայն նման բարձր տեմպերով ֆինանսական ոլորտի ու խաղերի աճը, ավելի շուտ, մակրոտնտեսական սխալ քաղաքականության, քան թե օբյեկտիվ դինամիկայի արդյունք է։ Հատկանշական է, որ կառավարության կողմից այդքան շատ գովերգած շինարարության աճն իրականությանը չի համապատասխանում. 2022թ., օրինակ, կատարվել է 578 մլրդ. դրամի շինարարություն։ Դա ավել է, քան 2021-ին, բայց շատ ավելի պակաս է քան 2007-ին (772 մլրդ դրամ) կամ 2008-ին (903 մլրդ դրամ)։ Եթե հաշվի ենք առնում գնաճի գործոնն, ապա 2008-ին 2 անգամ ավել շինարարություն է եղել, քան 2022-ին։ Այս թվերն (ինչպես 2022-ի, այնպես էլ 2008-ի) այսօրվա իշխանությունների կողմից են հրապարակված։
Երրորդ, աճի որակը վատն է, կայունություն չկա։ Այսօր մեկ էլ տեսար աճում է շինարարությունը, վաղը ՏՏ-երի ոլորտը, մյուս օրը հանքարդյունաբերությունը և այլն։ Միջազգային շուկայում ՀՀ տնտեսական մասնագիտացման գործակիցն ընկնում է։ Վարչապետի ու կառավարության անդամների սիրելի զբաղմունքն է նոր արտադրամասերի բացման ժապավեն կտրելը։ Բայց դեպքերի մեծ մասում մի կարճ ժամանակ հետո դրանք փակվում են։ Մինչդեռ ամեն մի աճի համամր ռեսուրս է ծախսվում։ Արդյունքում, նման կարգի իրադարձությունները տվյալ տարում ՀՆԱ աճ են բերում, իսկ գալիք ժամանակաշրջանում ՀՆԱ բազայից դուրս են թռչում։ Այստեղ ԱՎԾ-ն վարպետորեն օգտագործում է ազգային հաշիվների համակարգի թերությունը ընթացիկ աճի բարձր տեմպեր մոգոնելու և երկարաժամկետ հատվածում կումուլյատիվ աճը արժեզրկելու առումով։
Չորրորդ, աճի միջազգային համեմատությունները միշտ ի վնաս Հայաստանի են։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի ՀՀ-ն միշտ ունեցել է տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր, քան ՌԴ-ն կամ Վրաստանը։ 1990-2022թթ. ՀՀ տնտեսական աճի ինդեքսը կազմել է 243.8% (1990=100-ի), իսկ Վրաստանինը՝ 118.4%։ Բայց ահա բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2021թ ՀԲ տվյալներով ուներ 4966$ Վրաստանի 5023-ի ու Ադրբեջանի 5388-ի դիմաց։ Սա այն դեպքում, երբ 1990-ի ԽՍՀՄ վիճակագրական պարբերականով բնակչության 1 շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով (այն ժամանակ ՀՆԱ չէր հաշվարկվում) ՀՀ-ն (2945 ռուբլի) առաջ է ևՎրաստանից (2760 ռուբլի), և Ադրբեջանից (2130 ռուբլի)։ Մենք աճի տեմպերի առումով ավել ենք նաև ՌԴ-ից։ Բայց իրականում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ծավալով չենք կարողանում մոտենալ ՌԴ ցուցանիշին։ Այս բոլորը լուրջ հիմքեր են տալիս մտածելու, որ ՀՀ ԱՎԾ-ն ընթացիկ մանիպուլյատիվ աճի տեմպեր է մոգոնում՝ փորձելով դրանք չեզոքացնել երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի բազային մեծությունը նվազեցնելու "մեթոդաբանությամբ"։
Շարունակելի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը