31 10 2022

Հասարակության բևեռացումը խորացել է․ Բյուջեն կընդունեն, իսկ մտահոգությունները կմնան․ 168.am

Հասարակության բևեռացումը խորացել է․ Բյուջեն կընդունեն, իսկ մտահոգությունները կմնան․ 168.am

168am-ը գրում է․ Հաջորդ շաբաթ Ազգային ժողովի հանձնաժողովները կսկսեն քննարկել կառավարության ներկայացրած 2023թ. պետական բյուջեի նախագիծը։ Սպասվում է, որ քննարկումներից առաջ ելույթ կունենա Նիկոլ Փաշինյանը և կներկայացնի այն ձեռքբերումներն ու հաջողությունները, որոնք «արձանագրել» է իր գլխավորած կառավարությունը։


Թեև դրանց հետ կառավարությունը կապ չունի։ Հանգամանքների բերումով՝ տնտեսական աճի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ, որոնց արդյունքներն էլ վայելում է իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, թե ի հեճուկս հոռետեսների և նրանց կանխատեսումների, կառավարությունը կարողացել է աննախադեպ բարձր տնտեսական աճ ապահովել։ Այն շատ ավելին է, քան նախատեսել էին։


Բազմաթիվ երկրների տնտեսություններ անկումային են, իսկ մենք երկնիշ աճ ունենք։ Կառավարության թիմի «փայլուն» աշխատանքի արդյունքում սպասվում է ընդհուպ 14 տոկոս աճ։ Չնայած բյուջեի նախագծում ավելի համեստ ցուցանիշ են գրել՝ 11 տոկոս։

Կասի, որ կառավարության ջանքերի արդյունքում ոչ միայն տնտեսությունն է բարձր աճ արձանագրել, այլև բյուջեի եկամուտներն են գերակատարվել։ Հազարավոր աշխատատեղեր են ավելացել ու աշխատավարձերն են բարձրացրել։

Գնաճ կա, բայց ավելի ցածր է, քան միջին աշխատավարձի աճն է։ Իսկ դա նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել՝ նույնիսկ այսպիսի բարձր գնաճի պայմաններում։

Ոչ մի նշանակություն չունի, որ իրականում սոցիալական իրավիճակը երկրում ծանրացել է, աղքատությունն էլ՝ ավելացել։ Խորացել է հասարակության բևեռացումը։

Կխոսի նաև հաջորդ տարվա ակնկալիքների մասին։

Կասի, որ եկամուտների ու ծախսերի աննախադեպ բարձր աճեր են նախատեսել, որ բոլոր ոլորտներում ծախսերն ավելացրել են, որ բարձրացնելու են՝ ինչպես նվազագույն, այնպես էլ՝ բազային աշխատավարձի չափերը, որ տարվա կեսից 3 հազար դրամով թոշակները կավելացնեն, կավելացնեն նաև նպաստներն ու այլ սոցիալական ծախսերը։

Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը կգնա, իսկ պատգամավորները լուրջ դեմքերով կքննարկեն նախագիծը։ Վերջում, ինչպես սովորաբար լինում է, առանց առարկությունների կընդունեն այն, ինչ ներկայացրել է կառավարությունը։ Կապ չունի, թե քննարկումների ժամանակ ինչպիսի սուր կամ բութ հարցեր կբարձրացնեն։

Բյուջեն կընդունեն, իսկ մտահոգությունները կմնան։ Ու եթե դրանք իրականանան, կանգնելու ենք ոչ միայն նախատեսված տնտեսական աճի ապահովման, այլև բյուջեի եկամուտների ստացման հետ կապված խնդիրների առաջ։

Հայտնի է, թե ինչ են անում եկամուտների չստացման պարագայում. կրճատում են ծախսերը, որը ցածր տնտեսական ակտիվության պայմաններում այնքան էլ նպատակահարմար չի համարվում, կամ ստիպված հավելյալ պատքեր են վերցնում, պետությանը դնում են նոր պարտքային ծանրության տակ՝ նախատեսված բյուջետային ծախսերը կատարելու համար։ Հատկապես, որ դրանց մեջ մեծ բաժին ունեն պաշտպանված ծախսերը։

Բավական ծանր է նաև բյուջեի սոցիալական բեռը, հաջորդ տարի ավելի կծանրանա։ Ու եթե նախատեսված եկամուտները չստացվեն, ինչի ռիսկը շատ բարձր է, ստիպված են լինելու դրանք կատարել պարտքերով։

Այնպես, ինչպես եղավ համավարակի, պատերազմի ու տնտեսական անկման հետևանքով, երբ կառավարությունը գնաց պետական պարտքի կտրուկ ավելացման։ Երկու տարում պարտքն ավելացավ 1,9 մլրդ դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։

Հաջորդ տարի նույն իրավիճակը կարող է կրկնվել, քանի որ ամբողջ բյուջեն կառուցել են այն հավանականությամբ, որ կպահպանվեն Ռուսաստանից Հայաստանի տնտեսության մեջ այս տարի թելադրված ազդեցությունները։

Դրանք, ինչպես հայտնի է, կապված էին մարդկանց ու ֆինանսական միջոցների հսկայական հոսքերի հետ, որոնք էական ազդեցություն թողեցին մեր տնտեսության երկու հիմնական հատվածների վրա։ Խոսքը ծառայությունների ու առևտրի մասին է։ Դրանք են այն 2 ոլորտները, որոնք ապահովեցին այս տարվա տնտեսական աճի գերակշիռ մասը՝ գրեթե 80-85 տոկոսը։

Մյուս ոլորտների ազդեցությունը տնտեսական աճի մեջ անհամեմատ փոքր է։ Բայց դրանք այն ոլորտներն են, որոնց դերը շատ ավելի մեծ է՝ կայուն աճի ապահովման գործում։

Առևտուրը և ծառայությունների դերը հիմնարար չէ։ Այնինչ՝ այս տարի մեծամասամբ դրա վրա է եղել մեր տնտեսության աճը։ Ոչ մի հիմք չկա, որ նույնը լինելու է նաև հաջորդ տարի։

Չնայած դրան, կառավարությունը հաջորդ տարվա տնտեսական ու ֆինանսական ակնկալիքները կապել է հիմնականում դրանց հետ։ Թե ի՞նչ կարող է լինել, եթե այդ ակնկալիքները չարդարանան, աշխատել են շրջանցել։

Որոշ հույսեր էլ դրել են կապիտալ ծախսերի վրա։ Բայց ինչպես գիտենք, դրանք այն ծախսերն են, որոնք ամեն տարի թերակատարվում են։ Նախատեսված ծախսերի մի հսկա հատված կառավարությունը չի կարողանում իրականացնել։

Այսօր արդեն դա երևում է հերթական բյուջեի վրա։ Ունենք այս տարվա համար նախատեսված կապիտալ ծախսերի հսկայական թերակատարում։ Ինը ամսվա համար ճշգրտված պլանը 301 մլրդ դրամ էր։ Տեսան, որ չեն կարողանում կատարել, էլի ճշգրտեցին ու դարձրին 283 միլիարդ։ Բայց դա էլ չեն կատարել։ 283 միլիարդի փոխարեն՝ կատարել են 179 միլիարդը՝ 104 միլիարդով ավելի քիչ։ Կապիտալ ծախսերի 9 ամսվա պլանը թերակատարել են գրեթե 47 տոկոսով։

Կասկած չկա, որ տարեվերջին պլանն էլի չի կատարվելու։ Ու դրա վրա հաջորդ տարի կապիտալ ծախսերն ավելացել են՝ շուրջ 200 միլիարդով։

Ի տարբերություն ընթացիկի, կապիտալ ծախսերի ավելացումն անշուշտ լավ է։ Բայց միայն ծախսերն ավելացնելով չէ. պետք է կարողանալ դրանք կատարել։ Այլապես, այդ ավելացումները որևէ նշանակություն չունեն։

Որևէ նշանակություն չունի նաև այն, թե ինչի հետևանք է կապիտալ ծախսերի թերակատարումը։ Կառավարության խնդիրն է՝ մտածել դրանք ժամանակին իրականացնելու և պետական բյուջեի միջոցների հաշվին՝ տնտեսության մեջ խթաններ ու կայուն աճի որոշակի հիմքեր ձևավորելու մասին։

Սրան-նրան մեղադրելով կամ շինարարական կազմակերպությունների կարողություններից բողոքելով, հարցերը չեն լուծվում։ Մեր տնտեսության համար կայուն աճի հիմքերի ստեղծումը կարևոր է, բայց այդ հիմքերը շատ դանդաղ են ստեղծվում, եթե նույնիսկ ստացվում են։

Հույսը դրել են առևտրի ու ծառայությունների ժամանակավոր աճերի վրա, որոնց տնտեսական էֆեկտը շատ ցածր է ու քիչ ներառական։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ