Հայաստանում շարունակվող փոխարժեքային տատանումները իրարանցում են առաջացրել նաև գործարար համայնքում: Թիրախում հայտնվել են հատկապես այն ընկերությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են դրսի շուկային: Դոլարի և եվրոյի արժեզրկումից տուժում են մասնավորապես կառուցապատող, տուրիստական, արտահանող և IT ընկերությունները:
Ի՞նչ խնդիրների են բախվում արտահանող ընկերությունները
«Նոա օֆ Արենի ՍՊԸ» համասեփականատեր եվ տնօրեն Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց արտադրանքի հիմնական մասը արտահանվում է: Ընկերությունը գինի է արտադրում՝ տարեկան մոտ 300 հազար շիշ, տեղական շուկայում այդքան իրացնել հնարավոր չէ:
«Հիմնական մասը արտահանվում է, ունցել ենք պայմանագրեր ռուսական և եվրոպական ընկերությունների հետ, պայմանագրերը եվրոյով են: Այդ պահի դրությամբ եվրոյի արժեքը 540 դրամ էր, իսկ ռուսական շուկա մտնելը շատ դժվար է, ցանկացած արտասահմանյան գործընկերոջ հետ պայմանգիր ես կնքում, ամբողջ գործընթացը տևում է մեկից երկու տարի, մրցակցությունը շատ բարձր է դրսում: Բայց հիմա պատկերացրեք, որ մի շիշ գինու արժեքը եղել է 8 եվրո, հիմա մի շշի գնի մեջ մենք կորցնում ենք մոտավորապես 3 եվրո»,-ասում է նա:
Գործարարի խոսքով՝ այս պահին աշխատում են առանց շահույթի, եթե այսպես շարունակվի, ունենալու են նաև վնասներ:
«Դրամի արժևորումը 20-30 տոկոսով ուղղակի կազմալուծելու է մեր գործունեությունը: Մեր աշխատողները չեն զգում, դեռ մենք ենք մեր ուսերին տանում այդ ծանրությունը, իսկ դրսում հնարավոր չէ գին բարձրացնել, օրինակ՝ Գերմանիայում իսպանական գինի են վաճառում 2 եվրոյով, եթե մենք հիմա օրինակ՝ մեկ շիշ գինին թանկացնենք կես եվրոյով, մեզ հետ չեն ցանկանա էլ աշխատել, իսկ մենք մի հաճախորդի համար երկու տարի կռիվ ենք տվել: Հիմա ներդրում ենք անում շվեյցարացի գործարարի հետ, մեկ միլիոն եվրոյի ներդրում ենք անում, որ գործարան կառուցենք, անցած տարի 1 միլիոն եվրոն 550 միլիոն էինք պատկերացնում, այսօր դարձել է 400 միլիոն, այսինքն 150 միլիոնի վնաս ենք կրում միայն ներդրումների առումով»:
Ինչպես արդեն նշեցինք, դրամի արժևորումից տուժել են նաև IT ընկերությունները, նրանք, սակայն գերադասում են լուռ տառապել: Փորձեցինք կապ հաստատել խոշորագույն ընկերությունների հետ, բայց թեմայի շուրջ խոսել չեն ուզում, թեև ակնարկեցին, որ լավ ժամանակներ չեն իրենց համար:
«Էքսպորտ Արմենիայի» համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի խոսքով՝ նույնիսկ ընկերություններ կան, որոնք ստիպված աշխատողների են կրճատել:
«Որքան երկար տևի այս վիճակը, որքան իջնի դոլարը դրամի համեմատ, այնքան իրավիճակը կվատանա, հիմա որոշ ընկերություններ ֆինանսական պաշար ունեն, բայց դա անվերջ չի կարող լինել: Եթե հիմա աշխատողներ են կրճատում, գուցե մի օր էլ բիզնեսները հանեն երկրից: Ամբողջ աշխարհում դոլարն ամրանում է, իսկ մեզ մոտ թուլանում է: Եվրոյի մասով իրավիճակը ավելի աղետալի է, դեպի Եվրոպա արտահանման մասին կարող ենք մոռանալ»,-ասաց նա:
Էմիլ Ստեփանյանը նաև նշում է, որ ստեղծված իրավիճակում շահում են ներմուծող ընկերությունները, բայց նորից տուժում է տեղական արտադրողը, քանի որ ներկրված ապրանքի գինն ավելի մատչելի է ստացվում:
«Ասում են՝ դե բիզնես է, պետք է ռիսկերը գնահատեիք, արդյունավետության վրա աշխատեիք: Զավեշտալի է, որ պետական ապարատի պես անարդյունավետ կառույցի չինովնիկը արդյունավետության դասեր է տալիս, պետք է լինեն թիրախային կոնկրետ աջակցման ծրագրեր:
Կառավարությունը սոցիալական բաղադրիչը դրել է առաջին տեղում, որպեսզի սոցիալական լարում չառաջացնի: Սպասվում են ոչ հեշտ որոշումներ, չեն ուզում սոցիալական դժգոհությունն ավելացնել: Երկու չարիքից փոքրագույնն են ընտրում, մտածում են, որ ավելի քիչ չարիք է, որ արտադրողներն ու արտահանողները տուժեն, միայն թե ժողովուրդը փողոց դուրս չգա»,-ասաց նա:
Դրամի արժևորումը կռիվ է գցել նաև կառավարության շրջանում, Էկոնոմիկայի նախարարությունն ասում է՝ հարցի հասցեատերը ԿԲ-ն է, ԿԲ-ն էլ ասում է՝ նախարարությունն է:
Մենք փորձեցինք Էկոնոմիկայի նախարարությունից հասկանալ, թե ի՞նչ են մտածում խնդրի մասին, հատկապես, եթե նկատի ունենանք, որ արտահանման ու IT ոլորտները կառավարության ծրագրով հռչակված են որպես առաջանհերթ ոլորտներ: Նախարարությունից, սակայն, հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել:
Մինչդեռ Կենտրոնական բանկը ավելի վճռական է տրամադրված՝ զիջումների չեն գնալու: ԿԲ նախագահի համոզմամբ՝ դրամի թուլացումն ակտիվացնելու է գնաճը։
«Կենտրոնական բանկի մանդատն է ընդհանուր առմամբ տնտեսության համար ապահովել գների կայունություն և կանխատեսելի գների հետագիծ, և մենք օգտագործում ենք փոխարժեքը՝ որպես գործիք»,- ասում է Կենտրոնական բանկի նախագահը։
Իսկ գործարարներն էլ իրենց փաստարկներն ունեն, ասում են՝ մենք հարկը տալիս ենք կառավարությանը, չենք տարանջատում՝ ում որքան ուղղվեց, հիմա կա խնդիր, թող կառավարությունն էլ լուծի:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը խոսում է կառավարության տարբեր ճյուղերի ոչ համակարգված աշխատանքի մասին: Իրար օգնելու փոխարեն, չարախնդում են իրար վրա:
«Դոլարի փոխարժեքի անկումը մոտ 20 տոկոսով ռիսկեր է առաջացրել արտահանողների շրջանում, որովհետև ստացվում է, որ դոլարային արտահայտությամբ մեր արտադրանքն ավելի թանկ է լինում արտաքին շուկաներում, ինչը դարձնում է մեր արտադրանքը ոչ մրցունակ:
Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որովհետև մենք չենք կարող հրաժարվել մեր արտահանումից, ընդ որում, արտահանվում է տնտեսության իրական, մրցունակ հատվածում ստեղծված արտադրանքը: Եթե այս փուլում արտահանողները երկարաժամկետ նման խնդիրների բախվեն և արտաքին շուկաներում իրենց մասնաբաժինները աստիճանաբար կորցնեն, հետագայում ավելի ցավոտ խնդիրների կարող ենք բախվել, քանի որ այդ շուկաները մեկ օրում չեն ձեռք բերվել ու դրանցից դուրս մղումը հայկական ընկերությունների համար հետագայում վերականգնելը հեշտ չի լինելու»,-ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ մեր տնտեսական աճի կառուցվածքը ցույց է տալիս, որ մենք մեծապես կախված ենք դրսի գործոններից, իսկ այդ կախվածությունը լավ տեղ չի տանում:
«Եթե խորանում եք տնտեսական աճի կառուցվածքի մեջ, ապա այդ 10.2 տոկոսի աճի պայմաններում արդյունաբերությունն ընդամենը 2,7 տոկոս է աճել, առևտուրը 8 տոկոս է աճել, որը համադրելի է գնաճին: Փոխարենը ունենք 25 տոկոսանոց աճ ծառայությունների ոլորում: Այսինքն այդ տնտեսական ակտիվությունը պայմանավորված է արտաքին գործոններով, դրսից քաղաքացիների մեծ ներհոսքով, ինչն էլ ակտիվացնում է ծառայությունների բլոկը: Այս կառուցվածքով տնտեսությունը զարգացնել հնաչավոր չէ, հետզհետ մեր կախվածությունը արտաքին գործոններից մեծանում է: Որպեսզի հետագայում նման խնդիրներ չունենանք, պետությունը այսօրվանից պարտավոր է արտադրողներին, արտահանողներին ձեռք մեկնել: Որոշակի քաղաքականություն մշակել և կրառել, որ արտահանողները արտաքին շուկաներում իրենց մասնաբաժինները կտրուկ չկորցնեն»:
Ե՛վ տնտեսագետը, և՛ գործարարները խնդրի լուծումը տեսնում են համապատասխան օժանդակման ծրագրեր հատկացնելու մեջ, թող դրամաշնորհներ տրամադրեն տուժած ոլորտներին, եթե չեն ուզում արհեստականորեն արժեզրկել դրամը:
Թե որքան կտևի նախարարությունների և Կենտրոնական բանկի միջև հակամարտությունը, և ո՞վ խնդրին լուծում կտա՝ պարզ չէ: Բայց ակհնյատ է, որ արդյունքում տուժում է բիզնեսը, այսօր առանց շահույթի է աշխատում, վաղը՝ վնասներ կկրի, հետո էլ՝ գուցե փակվի: Այդ ժամանակ, սակայն, մեղավորը կլինի մեկը՝ կառավարությունը:
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը