Ուկրաինայում պատերազմը կտրուկ կնվազեցնի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական աճը 2022 թվականին, սակայն նավթի բարձր գները մասամբ կմեղմացնեն հարվածը Մերձավոր Արեւելքին եւ Հյուսիսային Աֆրիկային, հայտնում է Արժույթի միջազգային հիմնադրամը, տեղեկացնում է Reuters-ը։
Սակայն երկու տարածաշրջաններն էլ կզգան հումքային ապրանքների գների աճի ազդեցությունը, հայտարարել է ԱՄՀ-ը՝ զգուշացնելով, որ միայն ցորենի ավելի բարձր գները կարող են բարձրացնել Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի արտաքին ֆինանսավորման ընդհանուր կարիքները մինչեւ 10 միլիարդ դոլարով:
«Ուկրաինայի պատերազմը հեռանկար ձեւավորող գերիշխող գործոն կլինի, որը կուժեղացնի գլոբալ հակառակ քամիները՝ առաջադեմ տնտեսություններում կանխատեսվածից ավելի արագ դրամավարկային քաղաքականության նորմալացման, Չինաստանի տեմպերի դանդաղման եւ երկարատեւ համավարակի պատճառով»,- ասվում է զեկույցում:
Կանխատեսվում է, որ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում աճը 2022-ին կդանդաղի մինչեւ 2,6 տոկոս՝ 2021-ի 5,6 տոկոսից՝ պայմանավորված Ռուսաստանի հետ սերտ առեւտրային եւ ֆինանսական կապերով, տրանսֆերտներից եւ զբոսաշրջությունից կախվածությամբ, ինչպես նաեւ «փոխարժեքի երկրորդային ազդեցություններով եւ միջսահմանային վճարումներով»:
ԱՄՀ-ի տվյալներով՝ նույնիսկ նավթ արդյունահանող Ադրբեջանում տնտեսական աճը 2022 թվականին կդանդաղի մինչեւ 2,4 տոկոս՝ նախորդ տարվա 4 տոկոսից, քանի որ այն կախված է Ռուսաստանից եւ Ուկրաինայից զբոսաշրջությունից եւ երկու երկրներից ցորենի ու պարարտանյութերի ներմուծումից։
Կենտրոնական Ասիայում ինֆլյացիան գնահատվում է 10,7 տոկոս՝ արժույթի արժեզրկման եւ հումքային ապրանքների գների աճի հետեւանքով։
«Վերականգնումը կկորցնի թափը նավթ ներկրողների համար, մինչդեռ երկրների մեծ մասը նույնպես կշարունակի պայքարել բարձր ինֆլյացիայի դեմ»:
Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի համար աճը կանխատեսվում է 5 տոկոս՝ 2021-ի 5,8 տոկոսի դիմաց: Պարսից ծոցի նավթ արդյունահանող արաբական վեց երկրներում կանխատեսվում է, որ աճը կարագանա մինչեւ 6,4 տոկոս՝ նախորդ տարվա 2,7 տոկոսից։
Տարածաշրջանային նավթ ներկրողները, ինչպիսիք են Լիբանանը եւ Թունիսը, տուժում են հումքային ապրանքների բարձր գներից ու ֆինանսական պայմանների խստացումից, ինչը խթանում է ինֆլյացիան եւ վատթարացնում արտաքին ու հարկաբյուջետային հաշիվները:
Սակայն նավթ եւ գազ արտահանողները կշահեն էներգիայի բարձր գներից, որոնք ավելի քան կփոխհատուցեն ֆինանսական պայմանների խստացման եւ զբոսաշրջությունից ցածր եկամուտների ազդեցությունը, ասել է ԱՄՀ-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը