Վեդու մանկապարտեզում երեխաների թունավորման դեպք է գրանցվել անցած ուրբաթ ու ինֆորմացիան ծածկադմփոց է արվել «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի կողմից՝ ենթադրաբար Վեդու ընտրությունների պատճառով: Yerevan.Today-ին հասած տվյալներով, տուժել է մսուրային խմբի 19 երեխա, ընդ որում՝ բալիկներից մեկը միանգամից տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, ապա հետազոտվելուց հետո վերադարձվել է Վեդու ԲԿ՝ մանկական բաժանմունք և հոսպիտալացվել հենց այնտեղ: Ընդգծենք, Yerevan.Today-ին ինֆորմացիան փոխանցվել է մի քանի աղբյուրի կողմից, այդ թվում՝ ծնողների, թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Ալիս Կիրակոսյանը, սակայն, ում ընդամենը մեկ շաբաթ առաջ է Գարիկ Սարգսյանը դարձրել այս պարտեզի տնօրեն, լսեց լրագրողիս հարցադրումը՝ թունավորման մասին, ու ամիջապես անջատեց հեռախոսը՝ նշելով, թե իբր, զբաղված է, հետագա SMS հաղորդագրություներին էլ հարկ չհամարեց պատասխանել, երևի չուներ վերադասի հետ համաձայնեցված պատասխան:
Վեդու համայնքապետի ժ/պ համարվող Գարիկ Սարգսյանը, բնականաբար, զեկուցվել է միջադեպի մասին, բայց ինչպես հետագա քայլերն են ցույց տալիս, նա ոչ թե անմիջապես անցել է Սննդի անվտանգության տեսչական մարմնին ահազանգելուն, մասնագետներ հրատապ հրավիրելուն ու ողջ պարենը ստուգելուն, այլև ընտրել է ծածկադմփոց անելու ճանապարհը, որ քաղաքական նպատակներով չվնասի իրեն:
Ուշադրություն՝ սանեպիտկայանից կանչվել են մասնագետներ դեպքից ընդամենը երեք օր անց, ըստ աղբյուրի՝ մինչ այդ որոշվել է շաբաթ օրով թունավորման հետքերը մաքրել, նորանշանակ տնօրեն Ալիս Կիրակոսյանը շաբաթ՝ ոչ աշխատանքային օրով, կանչել է ողջ դայակներին ու պահանջել մաքրել խոհանոցը քլորով, ստերիլացնել ամբողջ մանկապարտեզը, որ երկուշաբթի հրավիրված սանեպիտկայանի մասնագետները բան չհայտնաբերեն:
Մանկապարտեզում հնարավոր թունավորման ու դրան հետևած՝ տնօրենի հետագա քայլերը ցույց են տալիս, որ նա գործել է վերադասի թելադրանքով՝ ինֆորմացիոն արտահոսքը կանխելու և պատժից խուսափելու համար:
Գարիկ Սարգսյանին ոչ մի դեպքում ձեռնտու չէր աղմկահարույց դեպքի մասին հանրային քննարկում ծավալվեր Վեդիում ու հարակից համայնքներում, այն էլ հիմա՝ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ, ի վերջո թիրախում ինքն է՝ երկու պատճառով՝ նա, որ իրեն առնվազն պարտավոր էին զեկուցել որպես վերադաս՝ ենթադրյալ թունավորման մասին, իսկ ինքն արագ պետք է արձագանքեր, այդ թվում՝ հանրայնացնելով թեման, իսկ այդ մասին մինչ օրս չկա որևէ մամլո հաղորդագրություն: Երկրորդ պատճառն այն է, որ «կոկորդիլոսագետը» թիրախում է հայտնվել իր իսկ նշանակած տնօրենի ենթադրյալ անփութության պատճառով: Նույն մանկապարտեզի նորանաշանակ տնօրեն Ալիս Կիրակոսյանին ոստիկանական բաժանմունքներ կանչելու հետագա քաշքշուկներն ու պատասխանատվության ենթարկելու հնարավոր զարգացումները մեծապես կազդեին ընտրությունների արդյունքների վրա:
Ակնհայտ է, որ այս ամենից հետո մեծ աղմուկ կբարձրանար ու միջադեպի հանրային հնչեղությունը կվնասեր Վեդիում առաջադրված իշխանական թեկնածու Գարիկ Սարգսյանին: Ուստի ընտրվել է ամենակարճ ճանապարհը.
Ընդգծենք, 19 երեխայի ինքնազգացողության վատթարանալու մասին ահազանգեր ստացվել են հենց ուրբաթ օրվանից սկսած ու ինչպես աղբյուրն է պնդում՝ ծնողները սոցցանցային հատուկ խմբում քննարկել են՝ ինչ անել, և ինչպես խուսափել հետագա բարդություններից:
Մեր ինֆորմացիան ավելի հանգամանալից կհրապարակենք ծնողների հետ զրույցից հետո, հուսանք՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը այս անգամ իրեն բարձր կպահի քաղաքական շահերից ու թեկուզ ուշացած՝ կհայտարարի իրողության մասին՝ ինչպես իրականությունը կա, չնայած համակողմանիորեն ուսումանսիրության համար, ինչպես մեր աղբյուրն է պնդում, հետքերը մաքրվել են մանկապարտեզից, ու ՍԱՏՄ մասնագետները ընդամենը այսօր՝ ենթադրյալ թունավորումից 3 օր անց, պետք է գնային ցուցանմուշ վերցնելու:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը