02 03 2022

Ջրի սակագնի բլեֆն ու իշխանական պոպուլիզմը. Արթուր Թովմասյան

Ջրի սակագնի բլեֆն ու իշխանական պոպուլիզմը. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վերադառնանք մեր դարդերին.
Ջրի սակագնի բլեֆն ու իշխանական պոպուլիզմը.
Շատերիս հիշողությունում վառ են այն հայտարարությունները, որոնք անում էր Նիկոլը մինչև իշխանության գալը, երբ հայտարարում էր, թե «Հայաստանում գներն անհամեմատ բարձր են, որովհետև չկա մրցակցություն»։ Նա առիթը բաց չէր թողնում ամբիոններից գոչել, թե «օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տալիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահմանել»։ Իշխանազավթումից հետո հայտարարվեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացել են, հաստատվել են հավասար մրցակցային հարաբերություններ, ավելացել են մասնակիցները, բայց գներն այդպես էլ չնվազեցին։
Ըստ էության՝ ոչ մի հույս չկա, որ այս տարի մարդիկ ավելի լավ են ապրելու, քան նախորդ տարում։ Ակնհայտ է, որ անցած տարվա համատարած թանկացումներից հետո, կյանքի պայմանները Հայաստանում այս տարի ևս կշարունակեն վատանալ։ Դրա համար իշխանություններն արել են իրենցից կախված ամեն ինչ. մարդկանց իրական եկամուտները չեն ավելացրել, իսկ ծախսերն անընդհատ աճում են։ Այս տարի, այլ գործոններից բացի, գնաճային ճնշումը կավելանա նաև հանրային ծառայությունների սակագների բարձրացման տեսքով։
Ի դեպ՝ ժամանակին Նիկոլնն ու իր քաղաքական թիմն առիթը բաց չէին թողնում մեղադրելու «նախկիններին»՝ հանրային ծառայությունների չհիմնավորված բարձր գներ սահմանելու, «սպառողներին թալանելու», «ոլորտում ֆինանսական չարաշահումների», «ծախսերն ուռճացնելու», «միլիոնների հասնող կորուստների համար»։ Իր քաղաքական գործունեության զգալի հատվածը սոցիալական թանկացումների հետ կապված պոպուլիզմով իշխանության եկած Նիկոլնն այսօր փաստացի լծվել է հանրությանը սոցիալապես փակուղի մտցնելու մի գործընթացի։ 2022-ի մեկնարկից միմյանց հետ չտալով սկսեցին թանկանալ հանրային ծառայությունների սակագները։
Այսօր ունենք մի իրավիճակ, երբ շարքային քաղաքացին խմելու ջրի համար նախկին 180 դրամի փոխարեն, հիմա արդեն յուրաքանչյուր խորանարդ մետրի համար վճարելու է 200,47 դրամ։ Հավելեմ, որ դեռևս 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Նիկոլը հավաստիացնում էր, որ ջրի սակագինը մինչև 2024թ. չի փոխվելու։ Ի դեպ՝ իր հիմնավորումներում ՀԾԿՀ նախագահը նշել է, որ ընկերությունը սակագնի բարձրացման հայտ ներկայացնելով՝ ոչ մի պայմանավորվածություն չի խախտել։ Սա իր հերթին նշանակում է, որ եթե չի խախտել, նշանակում է՝ Նիկոլնն է ժամանակին ստել՝ հայտարարելով, որ մինչև 2024թ. սակագինը չի բարձրանա։
Մի քանի բառով նշեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել․ այն ժամանակ, երբ Նիկոլը խոսում էր «Վեոլիա ջրի» հետ փայլուն համագործակցության, կառավարության արդյունավետ աշխատանքի ու ջրի սակագները չբարձրացնելու պայմանավորվածության մասին, իրականում իշխանությունները վերցրել ու պետության հաշվին սուբսիդավորել են ջրի սակագները ու դա ներկայացրել են՝ որպես չտեսնված-չլսված ձեռքբերում, որին հաջողվել է հասնել կառավարությանը։ Ըստ էության սա մանր խորամանկություն է, արտառոց ոչինչ չկա նրանում, որ սակագների բարձրացման բեռը պետության կողմից վերցնելու պայմանով՝ միշտ էլ կարելի է խուսափել թանկացումից։ Հավելեմ նաև, որ սակագնի սուբսիդավորումն իրականացվել է վարձակալության վճարի հաշվին, որը կառավարող ընկերությունը՝ ի դեմս «Վեոլիա ջրի», վարձակալության պայմանագրով պարտավորվել է վճարել պետությանը։ Այդ գումարները փոխարենն ուղղվեին համակարգի խնդիրների լուծմանը՝ ծառայեցվել են իշխանությունների հեղինակության բարձրացմանը։
Փաստեմ մի կարևոր հանգամանք ևս․ խմելու ջրի սակագնի բարձրացումն, ըստ էության, պետք է տեղի ունենար իշխանազավթման հաջորդ տարում, սակայն այն կանխվեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին․ ուղղակի կանխվեց գործող պայմանագրի փոփոխությամբ։ Քաղաքական նպատակներով, իշխանությունները վերանայեցին պայմանագիրը և սակագների նախատեսված բարձրացումը մի քանի տարով հետաձգվեց։ Կարևոր է այս դրվագում փաստել, որ այդ «տեղափոխված» թանկացման դիմաց վճարեց պետությունը՝ այն գումարներից, որոնք պիտի ստանար պետբյուջեն՝ ջրային համակարգի վարձակալության պայմանագրի շրջանակներում։ Այն բանից հետո, երբ հասկացան, թե ինչ սխալ են արել և ինչպիսի բեռ են վերցրել, որոշեցին հրաժարվել։ Կրկին վերանայեցին վարձակալության պայմանագիրը ու փոխեցին նաև սակագնային քաղաքականությունը ու այստեղ ամենածիծաղելին այն է, որ իշխանություններն այսօր արդեն տեղի ունեցածը փորձում են ազգաբնակչության վրա «ծախել» որպես «մեծագույն օդալժենի»։
Ընդգծեմ, որ ջրամատակարարման ոլորտում այսօր էլ կորուստները հասնում են 80 տոկոսի, ավելին՝ սակագների բարձրացում թույլ չտալու համար պետք է մտածել առաջին հերթին կորուստները կրճատելու մասին և ոչ թե պետության միջոցների հաշվին՝ համատարած սուբսիդավորում իրականացնել։ Ակնհայտ է, որ ջրի կորուստներն ինչպես տեխնոլոգիական են, այնպես էլ՝ տեխնիկական և ցանկացած պարագայում դրանք նվազեցնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Ներդրումներ, որոնք շատ հաճախ չեն իրականացվում՝ սակագների բարձրացման բեռը թուլացնելու համար։ Թեև դա վատագույն լուծումն է, որը հետագայում բերելու է շատ ավելի ծանր հետևանքների։
Ըստ էության՝ այսօ ՀՀ-ում գոյություն ունեցող սոցիալական ճգնաժամն ու բարձր իշխանությունները խնամքով թաքցնում էին ու կեղծ մարդասիրություն խաղում՝ ժողովուրդն էլ հավատում էր ու ծափահարում։ Փաստն այն է, որ լավ ապրելու հասարակ քաղաքացու հույսերը, որոնք կապված էին իշխանափոխության հետ, կրկին հետաձգվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ