Արցախյան պատերազմին առնչվող քրեական գործի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԲ N զորամասի նորակոչիկների գումարտակի հրամանատար, մայոր Ի.Վ.-ն, հանդիսանալով նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։
Ըստ Դատախազության՝ նա չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Ի.Վ.-ն, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
21.02.2022 թվականին Ի.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 25.02.2022 թվականին ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 28.02.2022 թվականին որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին եւ նույն օրը քրեական գործն ուղարկվել է Սյունիք մարզի ընդհանուր իրավասության դատարան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը