21 02 2022

Հույս ունեմ՝ կգա արդարության օրը, և Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. Իշխան Սաղաթելյանը՝ ավստրալացի գործընկերներին

Հույս ունեմ՝ կգա արդարության օրը, և Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. Իշխան Սաղաթելյանը՝ ավստրալացի գործընկերներին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձեւաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի և Ջոել Ֆիթսգիբբոնի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը և գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը:

Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար` նշելով, որ պատրաստակամ է ներդնել հավելյալ ջանքեր` եղած կապերը զարգացնելու և դրանց նոր որակ հաղորդելու համար:

ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ` այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:  «Ես հույս ունեմ, որ կգա արդարության օրը, և Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նաև նոր ցեղասպանությունների կանխման համար»,-  ասել է ԱԺ փոխնախագահը` այդ համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու սկսված գործընթացին: Իշխան Սաղաթելյանն ընդգծել է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ջոել Ֆիթսգիբբոնը նույնպես կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաև այդ նպատակով միջազգային հանրության ջանքերի համատեղումը` հետագայում նման գործողությունների իրականացումը կանխելու համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-ավստրալական կապերի հետագա զարգացմանը, նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ