18 02 2022

Քաղավիացիայի կործանիչ կամ անհնարինը հնարավոր դարձնող Տաթևիկ Ռևազյանը․ 168.am

Քաղավիացիայի կործանիչ կամ անհնարինը հնարավոր դարձնող Տաթևիկ Ռևազյանը․ 168.am

168.am-ը գրում է․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) ղեկավար Տաթևիկ Ռևազյանի տապալած կառավարման պատճառով 2020 թ. հայկական ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ այդ ժամանակվանից մինչ օրս մեր ավիաընկերությունները չեն կարողանում թռիչքներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, թե «սև ցուցակում» ընդգրկման որոշումը կարող է փոխվել միայն 2022թ. նոյեմբերին:

Խնդրին անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը և նշել, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և դրա իրականացման ժամանակացույց:

Այդ քննարկումից անցել է շուրջ երկու տարի, բայց քննարկման ընթացքում տրված հանձնարարականների կատարման որևէ հրապարակային ապացույց չկա:


Մինչ օրս անհայտ է՝ արդյո՞ք Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած կառույցից ներկայացվել է կատարվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը, և, որ ամենակարևորն է, եթե ինչ-որ բան էլ ներկայացվել է, արդյո՞ք դրանց հետևողական է եղել ՔԱԿ նախագահը և փորձել է ու փորձում է իր նշած ժամկետներում հայկական ավիաընկերություններին հանել ԵՄ «սև ցուցակից»:

Տաթևիկ Ռևազյանի՝ այս ընթացքում կատարած տեսանելի քայլերից մնում է միայն այն, որ նա այդ ընթացքում հասցրել է երկու անգամ մայրանալ (ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք), օրերով աշխատանքի չհաճախել, երկրի կրիտիկական պահերին հանգստի մեկնել, խնդիրներին նոր խնդիրներ ավելացնել, որոնցից էր, օրինակ՝ հայկական ավիաընկերությանը պատկանող օդանավի առևանգումը:

Կադրերի համալրման փոխարեն, որի անհրաժեշտության մասին խոսում էր Ռևազյանը պաշտոնը ստանձնելիս, պաշտոնավարման ընթացքում ոլորտը հասցրեց այնպիսի վիճակի, որ զրկվեց գիտակ և փորձառու մասնագետներից…

Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարումից անցել է շուրջ 3.5 տարի, որի ընթացքում նա, ցավոք, միայն վերը բերված խնդիրներով չի սահմանափակվել:

Այս կարճ ժամանակահատվածում հասցրել է սուրճի սեղանի շուրջ «պարզապես» ծանոթանալ Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ՝ սկիզբ դնելով հայ-ադրբեջանական բարեկամական հարաբերություններին:

Ավելին, 44-օրյա պատերազմից հետո հայկական երկինքը բացվեց ադրբեջանական ավիաընկերությունների համար. 2021 թվականի հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար:

Միգուցե այս և մնացյալ այլ խնդիրները, որոնք առաջացել են Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարման ժամանակ, չառաջանային, եթե նման պատասխանատու պաշտոնին նշանակվելը զարմանք չպարգևեր անգամ իրեն, եթե Տաթևիկ Ռևազյանը լիներ ոչ թե ուղղակի մարդ, ով աշխատել է օդանավակայանում, և իրեն համարում է ավիացիայի ոլորտից, այլ մարդ, ով իսկապես կտիրապետեր ավիացիայի ոլորտին՝ նրա մասնագիտական բոլոր նրբություններով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ