15 02 2022

Ոսկեպար տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ. «Փաստինֆո»

Ոսկեպար տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպասվող սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետեւանքով Տավուշում նոր շրջանցող ճանապարհներ են կառուցվելու։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, իշխանությունները նախապատրաստվում են Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար տանող, ինչպես նաեւ գյուղի մոտով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մի քանի հատվածին այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ Նոր ճանապարհը մի քանի գյուղեր կապելու է Բաղանիսին։

Մ 16 մայրուղին, ըստ Google քարտեզի, մի քանի հատվածից հատում է Ադրբեջանի սահմանը, իսկ քանի որ Հայաստանի իշխանությունները Google քարտեզով են սահման գծում, նախնական որոշում կա կառուցել մոտ 12 կմ-անոց նոր ճանապարհ։

Ըստ քարտեզի՝ մոտ երեք հատվածում մայրուղին հատելու է Ադրբեջանի հետ նոր ենթադրյալ սահմանը։ Դրանցից մեկը Ծաղկավան-Կիրանց ճանապարհն է, որը շրջանցելու համար անտառների միջով նոր ճանապարհ պետք է կառուցվի 5-6 կմ երկարությամբ ։

Կիրանց գյուղից դեպի Ոսկեպար տանող ճանապարհի մի հատվածը եւս հայտնվում է սահմանին, ուստի նպատակ կա նոր ճանապարհով շրջանցել այդ հատվածը։ Ստացվում է, ճանապարհի երկրորդ հատվածը Կիրանց-Ոսկեպարն է, որի երկարությունը, ըստ նախնական տեղեկությունների՝ 3 կմ է լինելու։

Երրորդ ճանապարհն էլ Ոսկեպար-Բաղանիսն է։ Ոսկեպարը շրջանցող նոր ճանապարհ չի լինելու, փոխարենը, վերանորոգվելու է գյուղի միջով անցնող ճանապարհը, որը ժամանակին կառուցվել էր՝ շրջանցելու վտանգավոր գոտիները։ Վերանորոգվող այս ճանապարհը կապելու է գյուղը Բաղանիսի հետ ու լինելու է մոտ 3 կմ։

Չնայած այս պահին հստակ հաստատված նախագիծ ու կառավարության որոշում չկա, սակայն արդեն կապալառու կազմակերպության որոնումների մեջ։

Նախնական քննարկումների համաձայն՝ այլընտրանքային նոր ճանապարհի շինարարությունը սկսվելու է Ծաղկավանից ու անցնելու է Կիրանցով, Ոսկեպարով՝ հասնելու է դեպի Բաղանիս։

Ոսկեպարը կմնա որպես սահմանամերձ գյուղ, որոշակի տարածքային զիջումներով։ Եթե հավատանք քարտեզին, ապա գլխավոր մայրուղու հատվածը, որը անցնում է Ոսկեպարի մոտով, ամբողջովին անցնելու է Ադրբեջանին, նաեւ հարակից որոշ տարածություն եւս կհայտնվի սահմանից այն կողմ։

Գաղտնիք չէ, որ դեռեւս օգոստոսից, Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել ։

Ըստ տեղեկությունների, ճանապարհը, որտեղ կանգնած են խաղաղապահները, համարվելու է հայ-ադրբեջանական սահման։

Նշենք, որ այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել։ Ծաղկավան-Կիրանց, Կիրանց-Ոսկեպար հատվածների նոր ճանապարհները անցնելու են անտառներով, որտեղ մշակումներ է արվելու, անցնելու են ստուգումներ ու միայն վերջնական որոշումից հետո կսկսվեն շինարարությունները։ Շրջանցող ճանապարհը մոտ 11-12 կմ է լինելու, իսկ աշխատանքները հավանաբար սկսվելու են հաջորդ տարվա սկզբից։

Նշենք, որ Տավուշի Ոսկեպար գյուղի մոտով երկու ճանապարհ է անցնում։ Ադրբեջանական մարտական դիտակետերից արձակվող գնդակոծություններից Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհով երթեւեկողների անվտանգությունը պաշտպանելու նպատակով ժամանակին կառուցվել է հիմնական ճանապարհը շրջանցող ճանապարհ: Գյուղի կողքով անցնում է նաեւ Իջեւան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհը, որի Ոսկեպարով անցնող հատվածն այլեւս չի շահագործվի։

Ավելի վաղ այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին տեղեկությունների իսկությունը ստուգելու համար «Փաստինֆո»-ն կապ էր հաստատել Ոսկեպարի համայնքապետ Սերոբ Մաղսուդյանի հետ։ Վերջինս նշել էր, որ ճանապարհի կառուցման մասին տեղեկության ինքն էլ լսել է, սակայն աշխատանքներ այս պահին չեն իրականացվում ։ Իսկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանն էլ ոչ թե հերքել էր, այլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ նման տեղեկություն չունի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ