10 02 2022

Ձերբակալված անձանց հետ տեսակցության սահմանափակումը մեղմացնող նախաձեռնությունը գործադիրի կողմից չընդունվեց

Ձերբակալված անձանց հետ տեսակցության սահմանափակումը մեղմացնող նախաձեռնությունը գործադիրի կողմից չընդունվեց

Կառավարությունն այսօր՝ փետրվարի 10-ի իր նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի  հեղինակած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 15-րդ հոդվածն ամրագրում է, որ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` դրա մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Նախագծով առաջարկվում է սահմանված բացառությունը, ըստ որի, ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները, քննության շահերից ելնելով, կարող են արգելվել` վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ օրենքով նախատեսված դեպքերում, ընդլայնել՝ ավելացնելով օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված այլ բացառությունները:

Վարդևանյանն առաջարկում է հստակություն մտցնել օրենքում, որպեսզի հնարավորինս բացառվի կալանավորվածին տեսակցելու կամայական  արգելքները և հստակ  ամրագրել 48-րդ հոդվածում նշված բացառությունները:

Իսկ օրենքի 48-րդ հոդվածում ասվում է. «Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.

3) ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.

4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.

5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու պետական ծառայողները և հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները.

6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.

7) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված` արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ