Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված ԱՀ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ:
Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը