23 11 2021

Մեր տղաների հետ տեղի ունեցածի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն վարչապետ կոչվածն է․ անհետ կորածի հարազատ



Հոկտեմբերի 12-ին մեր երեխաների տարին էր և մենք չգտեինք՝ դեռ ողջ են, թե զոհված։ Այդ օրվանից հետո պարբերաբար ստանում էինք տեղեկատվություն, որ փոխանցվում են մասունքներ կամ կմախքներ։ Մինչ  այս պահը մենք սպասում ենք նույնականացումներով հաստատումներին։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մորաքույր Անահիտ Մանասյանը։

Նշենք, որ խոսքը Ստեփանակերտի «Ցոր» կոչվող զորամասի զինծառայողների մասին է։

«Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին․ Ջալալ Հարությունյանի, Գենադի Բաղդասարյանի սխալ հրահանգների արդյունքում, երբ դիվերսիոն գործողություններ են տեղի ունեցել և մերձակա մարտերի ընթացքում մեր երեխաների ճակատագրերը դարձել են մեզ համար անհայտ։ Պարզապես ունեցել ենք մեկ տեսանյութ, որտեղ տեսնում էինք զոհված մեր երեխաներին, սակայն  դրանով դժվար էր նույնականացնել, թե ովքեր են։ Նրանց մեջ չկային սպաները, որոնք փախուստի էին դիմել և երեխաներին լքել էին խրամատներում, այնտեղ կային նաև վիրավոր զինծառայողներ հենց իմ քրոջ որդին՝ Հայկ Մելիքյանը։ Սպաները փախուստի ժամանակ վրաերթի են ենթարկել մեր երեխային և փոխարենը վիրավոր զինվորին դուրս բերեին, թողել փախել են»,- պատմեց տիկին Անահիտը։

Հայկ Մելիքյանի մորաքույրը նշեց, որ անհետ կորածների հարազատները հետևողական են, որ բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատիժ կրեն։

«Մենք ուղղակի ապշած ենք, որ ՊՆ-ն ոչինչ չի արել որևէ անհետ կորածի ճակատագիրը պարզելու համար և ասել է, որ այդ գործով զբաղվում է ԱԱԾ-ն»։ 

Տիկին Անահիտը նաև պատմեց, որ իրենց որդիների սխրագործությունների մասին ոչ թե ՀՀ ՊՆ-ից, այլ ադրբեջանցիներից են որոնողական աշխատանքների ժամանակ իմացել․ «Պաշտպանության նախարությունից, ՊԲ-ից որևէ մեկը չի խոսել, թե ինչքան մարտունակ են եղել մեր տղաները, աննահանջ, անկոտրում և ադրբեջանցիները նրանց շուտ են թիրախավորել»։

Նիկոլ Փաշինյանի և անհետ կորածների հարզատների հետ հանդիպմանը անդրադառնալով, Հայկ Մելիքյանի մորաքույրը նշեց, որ բոլորը վրդդովված են եղել վարչապետի ցինիկ վարքագծից․

«Ես ներկա չեմ եղել հանդիպմանը, անիմաստ եմ համարել, բայց մեր ծնողները քանիցս գնացել են վարչապետի հետ հանդիպել են և շատ վիրավորված են դուրս եկել, համարելով անարդյունավետ հանդիպում, որևէ պատասխան չեն ստացել, ընդամենը տեսել են մեր վարչապետի ցինիկ վարքագիծը։ Վարչապետի խոսքերն են՝ «Ալիևն ասում է տղաները չկան», հիմա պատկերացրեք գրիչ, որը դնեմ ձեռքիս տակ ու ասեմ չկա։ Սա պատասխա՞ն է, որ կարելի զինծառայողի ծնողին տալ։ Բոլորն էլ վրոդվված են եղել, ապշած ենք»։

Անահիտ Մանասյանը վստահ է՝ տեղի ունեցածի միակ մեղավորն ու պատասխանատուն Գերագույն գլխավոր հրամանատար համարվող վարչապետն է։

«Եթե մենք հիմա փողոց դուրս չգանք, ստացվում է՝ մեր տղաներն իզուր են զոհվել, եթե  չբարձրաձայնենք, որ մեր վարչապետը չի կարողանում բանակցել և տեր կանգնել մեր պետության շահերին, ուստի պետք է հրաժարական տա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ