16 11 2021

«Մայիսի 12-ից սկսած հարյուրավոր հեկտարներ ենք կորցրել»․ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Նորավան գյուղից հեռու են 10 կմ․ News.am

«Մայիսի 12-ից սկսած հարյուրավոր հեկտարներ ենք կորցրել»․ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Նորավան գյուղից հեռու են 10 կմ․ News.am

Ադրբեջանցիները Սյունիքի մարզի Նորավան գյուղին մոտեցել են 2 կմ, գյուղն ադրբեջանական դիրքից 10 կմ հեռավորության վրա է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորավանի համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը։

«Այդ տարածքի մեջ եղել են արոտավայրեր և խոտհարքներ։ Հիմա բնականաբար անասնապահները չեն կարող այնտեղ իջնել։ Մնացած գյուղերն էլ գրեթե նույն հեռավորության վրա են՝ 1-2 կիլոմետրի տարբերություն է։ Այս տարածքում մոտ 4-5 գյուղ է այդ հեռավորության վրա։ Մեր սահմանը հսկայական է, և նրանց դիրքը մեր տեսադաշտում չկա, բնակավայրերից հեռու են։ Ամեն դեպքում մեր գյուղացիները առաջ էլ էին ձգտում անասուներին որքան հնարավոր է հեռու արոտավայրեր տանել, որպեսզի կենդանին չանցնի հակառակորդի մոտ, և ադրբեջանցիների հետ որևէ առնչություն չլինի»,- նշեց Պապյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ երբ ադրբեջանցիներն առաջխաղացում ունեցան Սև լճի ուղղությամբ, գյուղը կրկին տարածքային կորուստ ունեցավ։

«Մայիսի 12-ից սկսած հարյուրավոր հեկտարներ ենք կորցրել»,- ընդգծեց նա։

Սլավիկ Պապյանի խոսքով՝ գյուղի բնակչության մոտ խուճապ չկա, սակայն վիճակը, իհարկե, անհանգստացնող է։

«Սա գյուղի խնդիրը չէ, մեր հայրենիքի խնդիրն է։ Կապ չունի, թե մեր հայրենիքի որ մասում նման խնդիր կլինի։ Շատ ցավալի է տարածքի կորուստը»,- ընդգծեց Սլավիկ Պապյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ