«Սյունիքի մարզի ճանապարհներին տեղադրված ադրբեջանական ցուցանակները ռազմավարական նպատակ ունեն։ Դրանք օգտագործվում են մարդկանց ահաբեկելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Վերջին անօրինական տեղակայումը ցուցանակի , որով ասվում է՝ « Բարի գալուստ․ դուք մուտք եք գործում Ադրբեջանի տարածք» , սա անօրինական տեղակայում է ․ այն , որ իրենք ցուցանակ են տեղադրել, դա չի նշանակում, որ տարածքային իրավազորությունն իրենցն է , մի հատ էլ կարող են թույլ տալ ՀՀ քաղաքացիներին ահաբեկել , Իրանի քաղաքացիներին կանգնեցնել ու գանձումներ անել»,-նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Արման Թաթոյանն այնուհետև ներկայացրեց Կապանի օդանավակայանի լուսանկարները, նշելով, որ անմիջապես թռիչքուղիների հարևանությամբ ադրբեջանական տեղակայումներն են։ Արման Թաթոյանը նշեց, որ ադրբեջանական զինված ուժերը, այդտեղ տեղակայվելով, վերահսկողություն են կարողանում հաստատել Մ2 ճանապարհի ու Կապան քաղաքի նկատմամբ՝ վտանգելով նաև բնակչության կյանքն ու առողջությունը։
«Այնտեղ նրանց տեղակայումը, անգամ եթե մեկ կրակոց չի արձակվում, կյանքի իրավունքի խախտում է։ Եվրոպական դատարանի պահանջների համաձայն՝ պարտադիր չէ, որ զոհ լինի, որ դա համարվի կյանքի իրավունքի խախտում։ Վտանգ է, որ օդանավակայանը շահագործվի, որովհետև կարող են կրակել կամ ահարձակում իրականացնել ինքնաթիռների վրա, ինչպե՞ս ենք նախատեսում Կապանի բնակիչների ազատ տեղաշարժը»,-ասաց Արման Թաթոյանը։
Մանրամանսերը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը